Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի երկարատև, դեգեներատիվ խանգարում է, որի վաղ ախտորոշումը թույլ է տալիս զգալիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը: Business Insider պարբերականը ներկայացրել է նյարդաբանների խորհուրդները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել դրա հետագա զարգացումը դանդաղեցնելու համար: Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել օրգանիզմում տեղի ունեցող որոշ փոփոխություններին, որոնք կարող են հուշել հիվանդության զարգացման մասին: Անհանգիստ քուն: Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ են արագ քնի փուլի խանգարումները: Այս հիվանդության դեպքում մարդիկ սկսում են ակտիվ շարժվել քնած ժամանակ, սակայն արթնանալիս չեն հիշում իրենց գործողությունները: Սա կարող է վտանգավոր լինել, քանի որ որոշ դեպքերում շարժողական նման ակտիվությունը հանգեցնում է վնասվածքների: Հոտառության կորուստ: Պարկինսոնիզմով տառապողների 90 տոկոսը հիվանդության զարգացման սկզբում կորցնում է հոտերը տարբերելու կարողությունը: Ընդ որում, այս ախտանշանն ի հայտ է գալիս հիվանդությանը բնորոշ ախտանշանների ի հայտ գալուց տարիներ առաջ: Անհանգստություն: Անբացատրելի տագնապի մշտական զգացողությունը նույնպես կարող է լինել Պարկինսոնի հիվանդության հնարավոր ախտանշաններից մեկը, որը կարող է ի հայտ գալ հիմնական ախտանշաններից տարիներ առաջ: Այս անհանգստությունն ու տագնապը պայմանավորված են գլխուղեղում տեղի ունեցող բիոքիմիական փոփոխություններով: Այս դեպքում խնդիրը կարող է ուղեկցվել նաև դեպրեսիվ խանգարումներով: Աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Այս հիվանդության վաղ փուլերին բնորոշ են նաև աղիների աշխատանքի խանգարումներն ու մարսողության հետ կապված խնդիրները: հետազոտությունները ցույց են տվել, որ աղիների բակտերիալ միջավայրի ու գլխուղեղի վիճակի միջև կա ակնհայտ կապ: Նյութի աղբյուր՝ 168․am
Հրապարակման ամսաթիվը

2019-05-09 11:24:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003