Հանգստավայրերում հիվանդները ստանում են ամբողջական բուժում, իհարկե, առաջնությունը տրվում է տվյալ առողջարանի առանձնահատկությանը (նայած, թե այնտեղ ինչպես են բուժում` մերսում, ցեխի վաննաներ, ֆիզիոթերապեւտիկական այլ պրոցեդուրաներ): Նշված բուժական էլեմենտների համատեղ ազդեցությունը կարող է շատ տարբեր լինել, իսկ բուժման մեթոդը` շատ անհատական: Կուրորտավայրերում կարող են բուժվել շատ հիվանդություններ` սիրտ-անոթային համակարգի, մարսողական համակարգի օրգանների, նյարդային համակարգի, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, շնչուղիների հիվանդություններ, որոնք տուբերկուլյոզային բնույթ չեն կրում, գինեկոլոգիական բնույթի հիվանդություններ, մաշկային, միզուղիների հիվանդություններ: Առողջարաններում հաջողությամբ բուժվում են նաեւ ականջի ու քիթ-կոկորդի հիվանդությունները: Այս կարգի հիվանդներին խորհուրդ է տրվում այնպիսի կլիմա ունեցող կուրորտավայրերը, ինչպիսիք են` Անապան, մեր այնքան սիրած Քոբուլեթին, Սուխումին, Շիվանդան եւ այլն: Վերին շնչուղիների քրոնիկական հիվանդություններով տառապողները (րինիտ, լարինգիտ, ֆարինգիտ) հաճախ բողոքում են քթի չորությունից, չոր հազից եւ այլն: Մի մասի մոտ հայտնաբերվում է քրոնիկական տոնզիլիտ, մյուս մասի մոտ՝ ռեֆլեկտորային հարբուխ եւ այլն: Այսպիսի հիվանդները կարող են բուժվել ցանկացած առողջարանային վայրում, որտեղ կա հանքային ջրով ինհալացիոն թերապիա: Խմբակային ինհալացիայի տարբերակը կիրառվում է Էսենտուկիի, Պյատիգորսկի, Բորժոմիի, Կիսլովոդսկի, Տրուսկավեցի առողջարաններում: Խմբակային ինհալացիայի ժամանակ հիվանդները մոտ 20 րոպե գտնվում են մի սենյակում, որը լցված է հանքային ջրի խիտ գոլորշիով: Այս պրոցեդուրայից հետո հիվանդների մեծ մասի մոտ լավանում է ինքնազգացողությունը եւ բարձրանում է այդ օրգան-համակարգերի դիմադրողականությունը: Հանքային ջրեր խմելու պրոցեդուրաներն էլ լավացնում են օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսները: Այս հիվանդներին օգնում է նաեւ ցեխաբուժությունը: Հաշվի առնելով սիրտ-անոթային համակարգի վիճակը` երբեմն քրոնիկական հիվանդությունների ժամանակ նշանակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Հիպերտրոֆիկական րինիտը, այն էտապում, երբ վիրաբուժական միջամտություն չի պահանջում, հաջողությամբ բուժվում է մերձծովյան, անտառային ու լեռնային կլիմայական պայմանների կուրորտներում: Կուրորտավայրերում բուժվող հիվանդությունների շարքում մեծ տեղ են զբաղեցնում շնչուղիների հիվանդությունները` օրինակ, թոքերի հիվանդությունը: Այս հիվանդությունները զարգանում են արտաքին միջավայրի ոչ բարենպաստ պայմանների` օդի աղտոտվածության պատճառով, կամ հանդիսանում են այլ հիվանդությունների հետեւանք: Առողջարանակուրորտային բուժումներն արդյունավետ նշանակություն են ունենում պլեւրիտից ու պնեւմանիայից հետո առաջացած մնացորդային երեւույթների դեպքում: Նման հիվանդությունների համար խորհուրդ են տրվում այնպիսի կուրորտները, ինչպիսիք են` Արշանը, Գագրան, Նալչիկը, Նովիյ Աֆոնը, Գելենջիկը, Սուրամին, Ղրիմի հարավային ափերը: Կուրորտավայրերում հնարավոր է բուժել կանացի որոշ հիվանդություններ`արգանդի խոռոչի ոչ սուր բորբոքային հիվանդություններ, փոքր կոնքի շրջանի որոշ հիվանդություններ, անպտղություն, կլիմակտերիկ սինդրոմ եւ այլն: Նշված հիվանդությունների համար խորհուրդ տրվող կուրորտավայրերն են` Ջերմուկը, Անապան, Գելենջիկը, Եվպատորիան, Թեոդոսիան եւ այլն: Կուրորտային բուժումները հակացուցված են արգանդի վզիկի պոլիպների, արյունահոսող էրոզիաների, արգանդի միոմայի ժամանակ եւ չարորակ ուռուցքների վիրահատությունից հետո: Առողջարանակուրորտային բուժում պետք է ստանան նաեւ նյութափոխանակության խանգարման հետեւանքով առաջացած ճարպակալումով հիվանդները: Այս կարգի հիվանդությունները բուժվում են հիմնականում հանքային ջրերով հարուստ վայրերում։ Երիկամների ու միզուղիների մի շարք հիվանդություններ`միզաքարային հիվանդությունները, քրոնիկ պիելոնեֆրիտը, ցիստիտն արդյունավետ բուժում են ստանում առողջարաններում, որոնք գտնվում են Արշանում, Ջավայում, Կուկայում, Պյատիգորսկում: Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդներին եւս խորհուրդ է տրվում առողջարանային բուժումը: Այս հիվանդների համար համեմատաբար բարենպաստ կլիմայական պայմաններ են ապահովում Մերձբալթյան շրջաններն ու Սեւ ծովի Կովկասյան մասը` հատկապես գարնանն ու աշնանը: Միայն այս հիվանդությունների մի քանի դեպքում է հակացուցված կուրորտային բուժումը` ստենոկարդիայի նոպաներով ուղեկցվող կորոնար անբավարարություն, ուղեղի անոթների արտահայտված սկլերոզ եւ այլն: Նյարդային համակարգի մի շարք հիվանդություններ անթերի կուրորտային բուժում են ստանում: Իհարկե, բացառություն են կազմում կաթվածը, պարկինսոնիզմը, հոգեկան խանգարումները: Կուրորտներում արդյունավետ բուժում են ստանում հատկապես հոդերի հիվանդությամբ տառապողները: Իհարկե, բացառություն են կազմում հիվանդության սուր վիճակները: Առհասարակ կան հիվանդություններ, որոնց դեպքում կուրորտային կամ առողջարանային բուժումը հակացուցված է. բոլոր հիվանդություններն իրենց սրված վիճակում, բոլոր վեներական հիվանդությունները, որոնք վարակիչ բնույթ են կրում, հոգեկան հիվանդությունները, թմրամոլությունն ու ալկոհոլիզմը, արյան հիվանդությունները, կախեքսիան, չարորակ նորագոյացությունները, տարբեր ծագմամբ արյունահոսությունները, բոլոր տեսակի ակտիվ տուբերկուլյոզները: Նշենք, որ հղիներին եւս` անկախ հղիության ընթացքից, 26 շաբաթական հղիությունից հետո խորհուրդ չեն տրվում կուրորտային պրոցեդուրաներ: Նյութի աղբյուր՝ 168.am
Հրապարակման ամսաթիվը

2019-05-08 10:41:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003