Թրոմբներն արյան մակարդուկներն են, որոնք զարգանում են արյունատար անոթներում դրանց պատերի վնասման պատճառով: Որպես կանոն դրանք առաջանում են ամեն օր, սակայն սովորաբար լուծվում են և չեն առաջացնում լուրջ խնդիրներ: Այնուամենայնիվ, երբեմն դրանք կուտակվում են՝ դառնալով բավական մեծ մակարդուկներ, որոնք կարող են անոթներում խցանումներ առաջացնել և առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 ախտանշան, որոնք պայմանավորված են լինում անոթներում թրոմբների առկայությամբ: Ոտքերի ցավ ու ջղաձգումներ. սրունքների մկանների սուր ցավը խորանիստ երակների թրոմբոզի մասին վկայող հիմնական, իսկ որոշ դեպքերում անգամ միակ ախտանշանն է: Ծակծկոց. եթե թմրածությունն ու ծակծկոցն ի հայտ են գալիս միայն մի ոտքի կամ մի ձեռքի հատվածում, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Մաշկի գունատություն. մաշկի միայն որոշակի հատվածների գունատությունը թրոմբների մասին վկայող «դասական» ախտանշաններից է, որը պայմանավորված է արյան շրջանառության խանգարմամբ: Մաշկի ջերմաստիճանի փոփոխություն. սա թրոմբների մասին վկայող ամենատարածված ախտանշաններից է: Թրոմբի առկայության հատվածում մաշկի ջերմաստիճանը կարող է սովորականից ցածր կամ բարձր լինել: Մեջքի ցավեր. մեջքի ցավը կարող է վկայել կոնքի կամ որովայնի անոթներից մեկում առաջացած թրոմբի մասին: Առատ քրտնարտադրություն. մասնագետների խոսքով՝ սովորաբար առատ քրտնարտադրությունը վկայում է սրտամկանի կամ թոքերի հատվածում թրոմբների ձևավորման մասին: Եթե քրտնարտադրությունն ուղեկցվում է նշված ախտանշաններից որևէ մեկով, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել: Հևոց. հևոցն ու ոչ շատ խորը, հաճախակի շնչառությունը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի բնորոշ ախտանշաններից է: Բացի այդ, այս խնդիրն ուղեկցվում է նաև մաշկի սաստիկ գունատությամբ: Կրծքավանդակի ցավեր. կրծքավանդակի սուր, ծակող ցավերը նույնպես համարվում են թոքային թրոմբոէմբոլիայի հիմնական ախտանշաններից մեկը, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-18 10:55:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003