Քաղցկեղը շատ վտանգավոր ու տարածված հիվանդություն է, որի բուժումը ոչ միշտ է արդյունավետ լինում, ուստի այն կանխարգելելն ու ժամանակին միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է: Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ միայն 2018 թվականին քաղցկեղից մահացել է 9.6 միլիոն մարդ կամ մոլորակի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղի դեպքերի կեսից կարելի էր խուսափել միայն կենսակերպը փոխելու շնորհիվ: Վաղուց հայտնի է, որ վատ սովորությունները զգալիորեն բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը, ինչը նշանակում է, որ դրանցից ազատվելը կօգնի պաշտպանվել նաև քաղցկեղից: Օրինակ՝ ծխախոտի չարաշահման դեպքում թոքերի քաղցկեղի հավանականությունը բարձրանում է 22 տոկոսով: Այս սովորությունից հրաժարվածների մոտ հիվանդության զարգացման հավանականությունը բարձր է լինում 4 տոկոսով, ժամանակ առ ժամանակ ծխողների մոտ՝ 13 տոկոսով, մինչդեռ երեբեք ծխախոտ չօգտագործած մարդկանց մոտ՝ 0.3 տոկոսով: Սակայն ծխախոտից հրաժարվելը միակ միջոցը չէ քաղցկեղից պաշտպանվելու համար: Մասնագետների խոսքով՝ նման օգտակար սովորությունների շարքին են դասվում նաև. ալկոհոլային ըմպելիքների բացառումը, մաշկն արևից պաշտպանելը, կարմիր մսի գործածության սահմանափակումը, առողջ քաշի պահպանումը, ֆիզիկական ակտիվությունը, ժամանակին բժշկին դիմելու սովորությունը, պարբերաբար կանխարգելիչ բուժզննում անցնելը: Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս արդյունավետ կերպով բուժել քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում: Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերելու դեպքում լիարժեք բուժման հավանականությունը կազմում է 95 տոկոս, սակայն խնդիրն այն է, որ հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է երրորդ կամ չորրորդ փուլերում: Նույնը վերաբերում է նաև տղամարդկանց, որոնց մոտ շագանակագեղձի քաղցկեղը հաճախ հայտնաբերվում է միայն մետաստազների տարածումից հետո: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-17 11:08:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003