Հավկուրությունը տեսողության խանգարում է, որն արտահայտվում է թույլ լուսավորության պայմաններում առարկաները տեսնելու ընդունակության թուլացմամբ կամ կորստով և պայմանավորված է լինում թույլ լուսավորության դեպքում լույսի հանդեպ ցանցաթաղանթի զգայունության նվազմամբ: Հաճախ տեսողության վատացումն անհանգստացնում է լուսավորության թուլացումից հետո միայն կարճ ժամանակ, որից հետո աչքերը ընտելանում են այդ լուսավորությանը: Երբեմն տեսողության վատացման հետ մեկտեղ հիվանդը դժվարությամբ է տարբերում նաև գույները՝ հատկապես կապույտը: Միևնույն ժամանակ հիվանդներից ոմանք ֆիքսված առարկաների վրա մուգ կամ գունավոր կետեր, ինչպես նաև շողքեր են տեսնում, ինչն առավել ակնհայտ է լինում լուսավորության կտրուկ փոփոխության դեպքում: Նման ախտանշանն անտեսելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ այն սովորաբար պայմանավորված է լինում աչքերի տարբեր հիվանդություններով ու վիտամին A-ի դեֆիցիտով: Սա է պատճառը, որ դրա առկայության դեպքում հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել և դիմել համապատասխան մասնագետին՝ ակնաբույժին: Շատ դեպքերում հիվանդը չափազանց ուշ է դիմում բժշկին, ուստի ուշ է լինում նաև բուժումը սկսելու համար: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է տարվա ընթացքում մի քանի անգամ բուժզննում անցնել և ավելի ուշադիր լինել օրգանիզմի տված «հուշումների» նկատմամբ: Հարկ է նաև հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Միայն մասնագետը կարող է հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-13 10:47:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003