Կան սննդամթերքի տեսակներ, որոնք անխոս շատ ավելի օգտակար են թարմ վիճակում, քանի որ ջերմային մշակման դեպքում կորցնում են իրենց սննդարար տարրերի մի մասը, սակայն միևնույն ժամանակ կան նաև սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել հում վիճակում: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Լոբի: Հում լոբու հատիկներում պարունակվում են լեկտին սպիտակուցներ, որոնք տարալուծվում են ջերմային մշակման ընթացքում: Այդ սպիտակուցներից ոչ բոլորն են վտանգավոր, իսկ որոշներն էլ անգամ օգտակար են, սակայն կան նաև այնպիսինները, որոնք կարող են դառնալ ստամոքսի ու աղիների աշխատանքի խանգարման պատճառ: Լեկտիններից և դրանց վնասից խուսափելու համար պարզապես հարկավոր է լոբու հատիկներն առնվազն 5 ժամ թրջել սառը ջրում, այնուհետև քամել, լվանալ ու եփել առնվազն 30 րոպե: Դառը նուշ: Բոլորին հայտնի այս ընկույզի այն տեսակը, որն առօրյայում օգտագործվում է, կոչվում է քաղցր նուշ, մինչդեռ դրա դառը տեսակը կարող է թունավորումների պատճառ դառնալ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ցիանական թթու: Նուշի այս տեսակն օգտագործվում է տարատեսակ աղանդերների բաղադրության մեջ, սակայն խոհարարներն այն օգտագործում են միայն հատուկ ջերմային մշակման ենթարկելուց հետո: Արդյունքում այն չի առաջացնում տհաճ ախտանշաններ, որոնց մարդը կբախվի ընկույզը հում վիճակում օգտագործելու դեպքում (գլխապտույտ, գլխացավեր, ջղաձգումներ ու փսխում): Կարտոֆիլ: Հում վիճակում կարտոֆիլը պարունակում է հսկայական քանակությամբ սոլանին, որը տոքսիկ նյութ է և առավել շատ պարունակվում է կանաչ կեղևով կարտոֆիլի մեջ: Նման կանաչ երագ ունեցող կարտոֆիլներում սոլանինի մակարդակը չափազանց բարձր է լինում, ուստի դրանից հարկավոր է հրաժարվել և չօգտագործել անգամ եփած վիճակում: Ձիթապտուղ: Չմշակված ձիթապտուղը դժվար որևէ մեկին վնաս հասցնի, սակայն այն պարունակում է մշակման ընթացքում քայքայվող նյութ՝ օլեուրոպեին, որը պտուղներին դառը համ է տալիս: Իրականում այս նյութն անգամ օգտակար է, սակայն դրա չափազանց տհաճ համի պատճառով որևէ մեկը չի ցանկանա չմշակված ձիթապտուղ ուտել: Վայրի սնկեր: Անգամ ոչ թունավոր սնկերը կարող են մահացու վտանգավոր լինել հում վիճակում ուտելու դեպքում: Բանն այն է, որ դրանց բջջային կառուցվածքը տարբերվում է մրգերի ու բանջարեղենի բջջային կառուցվածքից, ուստի հում վիճակում դրանք չափազանց կոշտ մթերք են ստամոքսի համար: Իհարկե կան սնկեր, որոնք անվնաս են անգամ հում վիճակում ուտելու դեպքում, սակայն քչերն են կարողանում տարբերել դրանք, ուստի անվտանգության համար ցանկալի է խուսափել հում սնկից: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-12 10:33:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003