Ժամանակի ընթացքում մարդու մարմինը փոփոխություններ է կրում, կորցնում է կոլագենն ու հիդրատացիան, ինչի հետևանքով էլ մաշկը թուլանում է և առաջանում են կնճիռներ: Հատկապես շատ են տուժում դեմքի, պարանոցի և ձեռքերի մաշկը, ինչի հետևանքով շատերն անգամ բախվում են կրկնակզակի խնդրին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 բնական միջոց մաշկը ձգելու և կրկնակզակից ազատվելու համար: 1. Ձիթայուղով ու գերչակի յուղով մերսում: Այս յուղերը հարուստ են ճարպաթթուներով, ինչի շնորհիվ սնուցում ու խոնավեցնում են մաշկը, առաձգականություն են հաղորդում և վերականգնում են բջիջները: Պարզապես հարկավոր է մեկական գդալ ձիթայուղով ու գերչակի յուղով մի քանի րոպե մերսել մաշկը, այնուհետև դնել տաք ջրի մեջ թրջած սրբիչ և թողնել 5 րոպե: Տաք գոլորշին կօգնի լայնացնել ծակոտիները և էլ ավելի լավ սնուցել ու խոնավեցնել մաշկը: 2. Հակաօքսիդանտային դիմակ խաղողով ու ավոկադոյով: Այս մրգերի համադրությունը մաշկը խնամելու հիանալի տարբերակ է: Դրանք ոչ միայն խոնավեցնում, այլև սնուցում են մաշկն ու առաձգականություն են հաղորդում: Հարկավոր է 1 ճաշի գդալ ավոկադոյի պտղամսին ավելացնել 5-7 հատիկ խաղող (կախված չափից), դարձնել համասեռ զանգված, այնուհետև քսել այն մաշկին: Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել: 3. Կաթով, վարսակով ու մասուրի յուղով քսուք: Այս բաղադրիչների համադրությունը հիանալի միջոց է մաշկը ձգելու համար: Դրանք նույնպես սնուցում ու խոնավեցնում են մաշկը, ինչպես նաև բարելավում են արտաքին տեսքը: Հարկավոր է խառնել 3 ճաշի գդալ գոլ կաթը, 2 թեյի գդալ մասուրի յուղն ու 4 ճաշի գդալ վարսակի փաթիլները, այնուհետև այդ թանձր զանգվածը քսել մաշկին, թողնել 20 րոպե և լվանալ սառը ջրով: 4. Բավարար քանակությամբ ջուր: Օրգանիզմում կուտակված տոքսինները բացասաբար են ազդում նաև մաշկի վրա, ուստի դրանցից ազատվելը կօգնի բարելավել մաշկի վիճակը: Այս դեպքում ցանկալի արդյունքին հասնելու համար պարզապես հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել: Օրական 1.5-2 լիտր գոլ ջուրը կօգնի դուրս բերել տոքսիններն օրգանիզմից և կապահովի անհրաժեշտ խոնավությունը: 5. Մրգեր ու բնական հյութեր: մաշկի առողջության ու առաձգականության պահպանման համար շատ կարևոր է նաև սննդակարգում հակաօքսիդանտների, բետա-կարոտինի և անհրաժեշտ վիտամինների առկայությունը, ուստի հարկավոր է սննդակարգում թարմ մրգեր ու բնական հյութեր ներառել: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-11 11:13:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003