Օրգանիզմում վիտամին D-ի պակասը ոչ միայն թուլացնում է ոսկորները, այլև բարձրացնում է մի շարք խանգարումների առաջացման հավանականությունը, որոնց թվին են դասվում զարկերակային բարձր ճնշումը, երկրորդ տիպի շաքարային դիաբետը, գլխուղեղի և սրտամկանի կաթվածները, ընկճախտը, բրոնխիալ ասթման, մետաբոլիկ խանգարումները, ճարպակալումը, թուլամտությունն ու աուտոիմունային հիվանդությունները: Առողջական նման լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է միշտ վերահսկողության տակ պահել օրգանիզմում այս կարևոր տարրի մակարդակը, ուստի մասնագետները նշել են այն պատճառները, որոնցով կարող է պայմանավորված լինել վիտամին D-ի ցածր մակարդակը: Դիետաներ. չափազանց խիստ սննդակարգն ու մեծ թվով սահմանափակումները վիտամին D-ի դեֆիցիտի հիմնական պատճառներից են: Հատկապես վտանգավոր է ճարպերի խիստ սահմանափակումը: Տարիք (50-ից բարձր). 50 տարեկանից հետո մարդու մաշկն արդեն ի վիճակի չի լինում սինթեզել բավարար քանակությամբ խոլեկալցիֆերոլ՝ D3 նախավիտամին: Ճարպակալում. չնայած, որ վիտամին D ստանալու համար օրգանիզմին ճարպեր են հարկավոր, ճարպի չափազանց մեծ քանակությունը կարող է դառնալ վիտամին D-ի դեֆիցիտի պատճառ: Բանն այն է, որ այս վիտամինը լուծվում է յուղային միջավայրում, սակայն որքան շատ ճարպ կա օրգանիզմում, այնքան ավելի շատ է այն լուծվում: Աղիների կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ. Կրոնի հիվանդությունից, ցելիակիայից կամ աղիների բորբոքային հիվանդություններից տառապող մարդկանց մոտ հաճախ է նկատվում այս վիտամինի դեֆիցիտ: Բանն այն է, որ նմանատիպ հիվանդությունները խանգարում են ճարպերի ներծծման գործընթացը, ինչն էլ ազդում է վիտամին D-ի մակարդակի վրա: Ալկոհոլի չարաշահում. այս վիտամինի դեֆիցիտն առավել վառ է արտահայտված ալկոհոլը չարաշահող անձանց մոտ: Եթե ալկոհոլ է օգտագործում հղի կինը, ապա վիտամին D-ի դեֆիցիտ է նկատվում պտղի մոտ: Արդյունաբերական թաղամասերում ապրելը. հետազոտությունները ցույց են տվել, որ արդյունաբեական թաղամասերում օդի աղտոտվածության հետևանքով ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն հասնում մարդկանց, իսկ առանց այդ ճառագայթների օրգանիզմում վիտամին D չի սինթեզվում: Գիշերային աշխատանք. գիշերային կենսակերպի դեպքում մարդը սովորաբար քնում է օրվա ընթացքում, ինչի պատճառով զրկվում է արևի ճառագայթներից, որոնց ազդեցության ներքո օրգանիզմում վիտամին D է սինթեզվում: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-03-14 11:23:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003