Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Rabies virus-ը: Այն մարդու օրգանիզմ է ներթափանցում վարակված կենդանու կծելուց հետո, ինչից հետո առաջացնում է նյարդային համակարգի ծանր ախտահարում և գլխուղեղի բորբոքում: Կատաղությունը համարվում է մահացու հիվանդություն, քանի որ ճիշտ ու որակյալ բուժում չապահովելու դեպքում այն 99,9% հավանականությամբ կարող է հանգեցնել մահվան: Բժիշկներն առանձնացնում են հիվանդության երեք փուլ՝ սկզբնական փուլ, հիվանդության սրման փուլ և անդամալուծության փուլ: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 14 օր անց՝ սկսվելով գլխացավերով, ջերմության բարձրացմամբ, մկանային ցավերով, բերանի չորությամբ, կոկորդի ցավով ու հազով: Կծածի հատվածում նկատվում է այրոց, կարմրածություն ու քոր: Հիվանդը կարող է ունենալ ախորժակի կորուստ, կարող են նկատվել անքնություն, անբացատրելի վախ, թախիծ, անհանգստություն, դեպրեսիա: Հիվանդության այս փուլը տևում է 1-3 օր: Այնուհետև սկսվում է հաջորդ փուլը, երբ ի հայտ է գալիս վախը ջրի հանդեպ: Հիվանդի մոտ սկսվում են կոկորդի և կերակրափողի սպազմեր, շնչառությունը դառնում է աղմկոտ և ուղեկցվում է ցավով ու ջղաձգումներով: Հիվանդը դառնում է դյուրագրգիռ ու շատ ագրեսիվ, իսկ նոպաների ժամանակ կարող է նույնիսկ բղավել և հարձակվել մարդկանց վրա: 2-3 օր անց սկսվում է հիվանդության երրորդ փուլը, որին հատուկ է հանգստությունը: Վերանում են վախերն ու ագրեսիվությունը, այնուհետև բարձրանում է մարմնի ջերմությունը (40-42°С), նկատվում է վերջույթների անդամալուծություն ու ջղաձգումներ: Ի վերջո հիվանդի գիտակցությունը խանգարվում է և վրա է հասնում մահը: Ինչպես բուժել կատաղությունը: Եթե կծած կենդանու մոտ հնարավոր է լինի կատաղություն, ապա հարկավոր է անհապաղ գնալ հիվանդանոց: Օրգանիզմի ախտահարումը կարելի է կանխել, եթե կծելուց հետո ամենաուշը 14 օրվա ընթացքում տուժածին պատվաստանյութ ներարկվի: Հարկ է հիշել, որ եթե հիվանդությունն արդեն իսկ առաջին փուլում է, ապա բուժումը գրեթե անհնար է: Պատմության ընթացքում եղել են ընդամենը հատուկենտ դեպքեր, երբ մարդուն հաջողվել է փրկվել նման ծանր հիվանդությունից հետո: Նյութի աղբյուր՝ med.tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-03-12 11:21:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003