Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում և վնասում են աղեստամոքսային համակարգը: Վարակումը տեղի է ունենում, երբ հարուցիչը բերանի միջոցով թափանցում է մարդու օրգանիզմ, որպես կանոն՝ աղտոտված սննդի, ջրի, ինչպես նաև կեղտոտ ձեքերի միջոցով: Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են բակտերիաները (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ, խոլերա), վիրուսներ (էնտերովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն): Վարակի աղբյուր են հադիսանում հիվադները և վարակակիրները, որոնց արտաթորանքի, փսխման զանգվածների, երբեմն նաև մեզի միջոցով հարուցիչները արտազատվում են արտաքին միջավայր: Գրեթե բոլոր հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ հողում, ջրում և տարբեր առարկաների վրա՝ խոհանոցային սպասք (ափսեներ, գդալներ, բաժակներ և այլն), կահույքի մակերես, դռների բռնակներ: Սակայն այդ մանրէների համար ինչպես գոյատևման, այնպես էլ բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ առկա են սննդամթերքի մեջ: Հատկապես շոգ և խոնավ եղանակին, երբ չեն ապահովվում սննդամթերքի պահպանման անհրաժեշտ պայմանները, այդպիսի սննդամթերքը հանդիսանում է նաև «սննդային միջավայր» աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար: Տարբեր հարուցիչներ «նախընտրում են» որոշակի տեսակի սննդամթերք: Այսպես՝ դիզենտերիայով մարդիկ վարակվում են, երբ խմում են կեղտոտված ջուր, չեռացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերք (կաթնաշոռ, թթվասեր և այլն), ստաֆիլակոկը հաճախ հայտնաբերվում է կրեմային հրուշակեղենում: Սալմոնելոզի հարուցիչները, որոնք մոտ 400 տեսակի են, մարդու օրգանիզմ են թափանցում ցանկացած վարկված սննդամթերքի միջոցով. հավի միս, ձու, եփած երշիկ, նրբերշիկ, վատ լվացված կամ կեղտոտ ջրով լվացված բանջարեղեն: Հարուցիչները, թափանցելով մարդու օրգանիզմ, նախ ընկնում են ստամոքս, ապա աղիներ, որտեղ և ինտենսիվ բազմանում են: Հիվանդության ախտանշանների ի հայտ գալուն նախորդում է գաղտնի շրջանը, որը տարբեր վարակների դեպքում տևում է 6-48 ժամ: Հիվանդության ախտանշաններ առաջացնում են ինչպես հենց մանրէները, այնպես էլ նրանց արտադրած թույները: Հիվանդությունը կարող է ընթանալ սուր գաստրիտի «ստամոքսի բորբոքում» ձևով, որը հիմնականում արտահայտվում է փսխումով և ստամոքսի շրջանի ցավերով, էնտերիտի ձևով, երբ առկա է լուծ, գաստրոէնտերիտի ձևով «փսխում և լուծ», կոլիտի ձևով, որի ժամանակ արտաթորանքը արյունով է և խանգարված է աղիների գործունեությունը: Աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ հաճախակի լուծի և փսխման պատճառով հիվանդի օրգանիզմում առաջանում է ջրազրկում, ինչը հատկապես ծանր հետևանքների կարող է հանգեցնել վաղ մանկական հասակի երեխաների և ծերերի մոտ: Ջրազրկման հետևանքով առավել վտանգավոր բարդություններից է երիկամային անբավարարությունը, ինչպես նաև դեհիդրատացոն շոկը՝ կապված հեղուկի կորստի հետ: Աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ հիվանդներին սկզբում անհանգստացնում է ընդհանուր թուլությունը, գլխացավը, ախորժակի բացակայությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Որոշ ժամանակ անց առաջանում է սրտխառնոց և փսխում, որովայնի շրջանում զգացվում են կծկանքանման ցավեր, սկսվում է լորձի, թարախի կամ արյան հետ խառնված լուծ: Հիվանդներին կարող են անհանգստացնել ծարավը և դողէրոցքը: Որքան պարզ է աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների մարդու օրգանիզմ թափանցելու մեխանիզմը, այքան էլ պարզ են այդ հիվանդություններից խուսափելու միջոցները: Հետևելով մի շարք հասարակ և ոչ բարդ կանոնների՝ կարելի է կանխել հիվանդությունների առաջացումը և տարածումը. չխմել կասկածելի խմելու ջուր կամ խմել միայն եռացրած-սառեցրած ջուր, փոքր տարիքի երեխաներին երբեք չտալ ծորակի հում ջուր, երբեք չխմել հում կաթ, մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով, կասկածելի ջրի դեպքում՝ եռացրած ջրով, սննդամթերքը միշտ պահպանել համապատասխան պայմաններում, հետևել օգտագործման ժամկետներին, խուսափել փողոցներում, ոչ համապատասխան պայմաններում վաճառվող սննդամթերքից, մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես։ Նյութի աղբյուրը՝ NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն:
Հրապարակման ամսաթիվը

2019-03-12 11:17:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003