Մարդու մաշկի վիճակի վրա բազմաթիվ գործոններ են ազդում, որոնց շարքին կարող են դասվել նաև տարբեր հիվանդությունները: Մասնագետները ներկայացրել են առողջական այն խնդիրները, որոնց մասին կարող է հուշել մաշկը: 1. Շաքարային դիաբետ: Մաշկային հիվանդությունները կարող են հուշել մարդու մոտ ինսուլինային ռեզիստենտության մասին: 2-րդ տիպի շաքարային դիաբետից տառապեղների մեկ երրորդ մասի մոտ ի հայտ են գալիս մաշկային խնդիրներ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ավելի լավ խնամել մաշկը, ինչպես նաև պարբերաբար ստուգել այն խնդիրներից խուսափելու համար: 2. Ցելիակիա: Այս հիվանդությունը բնորոշվում է բարակ աղիների գործառույթի խանգարմամբ: Այս դեպքում բարակ աղիներում չեն լինում գլյուտենը քայքայող բավարար քանակությամբ ֆերմենտներ, ինչի հետևանքով մարդը չի կարողանում յուրացնել գլյուտեն պարունակող մթերքը: Այս խնդրի մասին կարող են հուշել քորն ու բշտիկները, որոնք հիմնականում ի հայտ են գալիս արմունկների, ծնկների, նստատեղի ու գլխամաշկի հատվածներում: 3. Ռևմատոիդ արթրիտ: Այս հիվանդությունից տառապողների շուրջ 30%-ի մոտ ախտահարված հոդերի հատվածում մաշկային նորագոյացություններ են ի հայտ գալիս: Բացի այդ, ռևմատոիդ արթրիտին բնորոշ է ձեռքերի մաշկի (ոչ ափերի) բարակացումը: 4. Վահանագեղձի հիվանդություններ: Երկար ժամանակ չբուժվող բշտիկներն ու կորյակները կարող են պայմանավորված լինել վահանաձև գեղձի հիվանդություններով, ուստի այս դեպքում անհրաժեշտ է դիմել ներզատաբանին (էնդոկրինոլոգ): 5. Աղիների հիվանդություններ: Սրունքներին ու ոտնաթաթերին առաջացած և աստիճանաբար տարածվող խոցերը կարող են վկայել խոցային կոլիտի մասին, իսկ մաշկային ճաքերն ու հանգույցների առաջացումը կարող է պայմանավորված լինել աղիների մեկ այլ խնդրի՝ Կրոնի հիվանդության առկայությամբ: 6. Լյարդի հիվանդություններ: Մաշկային խնդիրներին բախվում է հեպատիտ C-ից տառապողների շուրջ 20%-ը: Առավել հաճախ առաջանում է կարմիր տափակ որքին կամ վասկուլիտ: Այս խնդիրներին ուշադրություն դարձնելը շատ կարևոր է, քանի որ հեպատիտ C-ն երկար ժամանակ կարող է որևէ այլ ախտանշանով չդրսևորվել: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-16 12:31:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003