2018 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019 թվականի հունվարի 8-ը հանրապետությունում «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ 3 դեպք է գրանցվել, հոսպիտալացվել է 5 մարդ (1-ը՝ բոտուլիզմ, 1-ը՝ սնկից թունավորում և 3-ը` սննդային թունավորում): Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 16 դեպք` 16 տուժածով: Թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ալկոհոլի չարաշահումից և համային հատկությունների ու արտաքին տեսքի փոփոխության ենթարկված սննդամթերքի օգտագործումից: Անհրաժեշտ է հետևել սննդի պատրաստման և պահպանման կանոններին, մասնավորապես՝ • չօգտագործել այնպիսի աղցաններ և կերակրատեսակներ, որոնց բաղադրության մեջ մտնում է շուտ փչացող մթերք (օր.՝ միս, ձուկ, ձու, պանիր, մայոնեզ, թթվասեր, կրեմային թխվածքներ), և որոնք սեղանի վրա մնացել են 4 ժամից կամ սառնարանում 2 օրից ավելի, • անհրաժեշտ է լինել զգոն և սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գունափոխություն և այլն) փոփոխության դեպքում չօգտագործել, • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, վերջինս սննդում կարելի է օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո կամ օգտագործել գործարանային արտադրության պահածոյացված սունկ, • տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդատեսակներն օգտագործել միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո՝ եռացնելով 15-20 րոպե, • սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե օգտագործում եք հում մթերք, մասնավորապես` հում միս: Ինչպես նաև անհրաժեշտ է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: Սննդային թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը: Բոտուլիզմի դեպքում ավելանում է նաև երկտեսություն, ձայնի խռպոտություն, կոպի իջեցում, կլման ակտի խանգարում և այլն: Ալկոհոլային թունավորման հիմնական կլինիկական ախտանշաններն են տեսողական խանգարումները, քնկոտությունը, շփոթված և անկապ խոսքը, գիտակցության տարբեր աստիճանի խանգարումները, դանդաղ ու անկանոն շնչառությունն ու անոթազարկը, չկառավարվող շարժումները։ Վերոհիշյալ նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, ինչից մեծապես կախված է բուժման բարեհաջող ելքը:
Հրապարակման ամսաթիվը

2019-01-10 11:11:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003