Նկարագրություն։ Երբ թարախածին մանրէները փոքր վերքերի միջոցով ներթափանցում են ծայրային (եղունգային) ֆալանգի վրա, առաջանում է մատնաշունչ, որն իրենից ներկայացնում է մատի հյուսվածքների սուր թարախային բորբոքում: Տարբերում են մակերեսային (մաշկային, հարեղունգային և ենթաեղունգային) և խորը (ենթամաշկային, ջլային, հոդային, ոսկրային) մատնաշունչ: Պատճառներ։ Մատնաշունչի առաջացման պատճառ են հանդիսանում թարախածին մանրէները, որոնք փոքր վերքերի միջոցով ներթափանցում են եղունգային ֆալանգի վրա: Ենթաեղունգային մատնաշունչը առաջանում է ծակած վերքի ժամանակ կամ եղունգի ծայրի տակ փուշ մտնելիս: Պաթոգենեզ։ Մաշկային մատնաշունչի դեպքում թարախը կուտակվում է վերնամաշկի տակ, առաջանում է պղտոր, երբեմն` արյունային հեղուկով լցված բուշտ, որի շրջակա մաշկը կարմրում է: Ցավերը չափավոր են, լինում է այրոցի զգացում: Բուշտն աստիճանաբար մեծանում է, թարախային բորբոքումը կարող է անցնել խորը տեղադրված հյուսվածքները: Հարեղունգային մատնաշունչի դեպքում թարախաբուշտն առաջանում է եղունգային բարձիկի մաշկում: Եթե թարախը թափանցում է եղունգային թիթեղի տակ, մատնաշունչը կոչվում է ենթաեղունգային: Անուշադրության մատնելիս թարախային բորբոքումը կարող է տարածվել խորը` եղունգային մատոսկրի վրա: Խորը մատնաշունչը, որպես կանոն, առաջանում է մատի ափային մակերևույթին, սկզբում` մաշկի տակ: Քանի որ մատի այդ կողմում մաշկը պինդ է, թարախը երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ, այլ տարածվում է խորը հյուսվածքներ (ջիլ, հոդ, ոսկր), երբեմն ախտահարում է դրանք միաժամանակ: Ենթամաշկային մատնաշունչը բնորոշվում է մշտական շանթող ցավերով (հատկապես` գիշերը), մատը շոշափելիս առաջանում են սուր ցավեր: Եթե մատը շարժելիս ցավերն ավելի են ուժեղանում, դա վկայում է ջլի կամ հոդի վրա բորբոքման տարածման մասին: Մատնաշունչի ցանկացած ձևը, հատկապես խորը, կարող է ծանր հետևանքների առաջացման պատճառ դառնալ: Թարախածին մանրէները կարող են արյան և ավշի միջոցով տարածվել հեռավոր օրգաններ ու հյուսվածքներ և ախտահարել դրանք, ինչպես նաև արյան վարակում առաջացնել: Ոսկրային մատնաշունչը կարող է ձևափոխել եղունգային մատոսկրը, ջիլն ու հոդը և հանգեցնել մատի անշարժության: Բուժում։ Խորը մատնաշունչը ժամանակին չբուժելիս թարախը հաճախ տարածվում է ափի հյուսվածքների, այնուհետև նախաբազկի վրա, որի դեպքում պահանջվում է վիրաբուժական միջամտություն: Ուստի բորբոքման առաջին ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Ինքնաբուժում խորհուրդ չի տրվում: Չի կարելի նաև ծակել վերնամաշկի տակ առաջացած բուշտը: Առավել ևս անթույլատրելի է խորը մատնաշունչի ինքնաբուժումը քսուքներով, տաքացնող կոմպրեսներով և այլն: Կանխարգելում։ Մաշկը մանր վնասվածքներից պաշտպանելու համար աշխատելիս հարկավոր է ձեռնոցներ կրել, պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Մատների մաշկի ցանկացած, նույնիսկ չնչին վնասվածքները մշակել սպիրտով, եղունգի տակ փուշ մտնելիս այն շտապ պետք է հանել: Նյութի աղբյուր՝ doctors.am
Հրապարակման ամսաթիվը

2019-01-09 14:37:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003