Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորմամբ և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում: Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։ Հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, երշիկեղենում, ձվի մեջ և սառեցված մսեղենում, սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ շարունակ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում պահպանում են կենսունակությունը։ Վարակը կարող է փոխանցվել խոհանոցային սպասքի, դռան բռնակի և այլ պարագաների միջոցով։ Հիվանդության թաքնված շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են ավելի բուռն։ Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել հիվանդության առաջինն իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։ Որպես կանոն ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ: Ինչպե՞ս խուսափել սալմոնելոզով վարակվելուց. Օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու, Նախընտրելի է գործարանային փաթեթավորված մթերքները, որոնք ենթարկված են համապատասխան ստուգումների, Թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր անհրաժեշտ է լվանալ առատ և հոսող ջրով, Սառնարանում հում սննդամթերքը առանձնացնել եփածից, Խմել միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործել եռացնելուց հետո, Չլողալ կասկածելի ջրամբարներում, Մշտապես լվալ ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո, Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը։ Նյութի աղբյուր՝ NCDC, Armenia
Հրապարակման ամսաթիվը

2019-01-09 12:04:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003