Փորկապությունը չափազանց տարածված երևույթ է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ տնտեսապես զարգացած երկրներում փորկապությամբ տառապում Է բնակչության 10 %-ից ավելին: Այն իրենից ներկայացնում է կղանքի երկարատև (48 ժամից ավելի) կանգն աղիքներում կամ աղիքների ամենօրյա անբավարար և դժվարացած դատարկումը։ Փորկապություն կարող են ունենալ նաև առողջ մարդիկ, օրինակ՝ երկարատև ուղևորությունների, սովորական իրավիճակների փոփոխությունների, կյանքի ռիթմի խանգարումների ժամանակ, որը կարճատև է և, որպես կանոն, անցնում է առանց բուժման: Պատճառներ։ Որոշ դեպքերում փորկապությունն ինքնուրույն հիվանդություն է, որի հիմքում ընկած է աղիքների ամենօրյա դատարկման սովորության խանգարումը։ Պատճառը կղման ցանկության բազմակի ճնշումն է՝ պայմանավորված աշխատանքի առանձնահատկություններով (փորկապությամբ հաճախ տառապում են վարորդները, հարահոսի մոտ աշխատողները), թութքի, հետանցքի ճաքերի ժամանակ ցավերի հանդեպ վախով։ Կղման ցանկության ճնշումը բնորոշ է նաև առավոտյան անկողնում երկար պառկելու սովորություն ունեցող, խաղերով տարվող անձանց։ Փորկապության պատճառ կարող է դառնալ անսովոր դիրքում և կողմնակի անձանց ներկայությամբ աղիքների դատարկման անհնարինությունը (բնորոշ Է խիստ անկողնային ռեժիմով հիվանդներին)։ Փորկապությանը նպաստում է շատակերությունը։ Միատեսակ, առավելապես սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործումը, սննդի օրաբաժնում ջրի, բանջարեղենի և մրգերի սահմանափակումը նույնպես առաջացնում է հաստ աղիքի գալարակծկանքի թուլացում և դրա հետևանքով՝ փորկապություն։ Փորկապության կարող են հանգեցնել նստակեցությունը, որովայնի առաջային պատի մկանունքի թուլացումը։ Համառ փորկապութ֊յան պատճառ կարող է դառնալ ճարպակալման վերացման նպատակով մեծ դեղաչափերով օգտագործվող լուծողական դեղանյութերի ընդունումը։ Փորկապությունը կարող է լինել նաև այլ հիվանդությունների ախտանշան։ Օրինակ՝ բնածին երկար հաստ աղիքի, հաստ աղիքի քրոնիկական բորբոքման, որովայնի խոռոչի կպումների, առանձին այլ հիվանդությունների ժամանակ աղիքների լուսանցքը նեղանում է, և կղանքային զանգվածի տեղափոխությունը դանդաղում։ Ստամոքսի, լեղուղիների, երիկամների, կանանց սեռական օրգանների հիվանդությունները նույնպես կարող են ուղեկցվել հաստ աղիքի ֆունկցիայի փոփոխություններով և, հետևաբար, փորկապությամբ։ Առանձին ներզատիչ գեղձերի (վահանագեղձ, մակերիկամներ, սեռական գեղձեր) ֆունկցիայի խանգարումները, հոգեկան խանգարումները (այդ թվում՝ նևրոզները) ևս ընթանում են համառ փորկապությամբ։ Տարբեր են ոչ միայն փորկապության պատճառները, այլև դրանց դեպքում հաստ աղիքի ֆունկցիայի խանգարումները։ Մի դեպքում փորկապությունը կապված է հաստ աղիքի պարունակության տեղափոխության դժվարացման (կծկանքի ժամանակ), այլ դեպքերում՝ ընդհակառակը՝ աղիքի մկանային շերտի տոնուսի անկման հետ։ Այլ խումբ են կազմում կղման ակտի տարբեր խանգարումներով պայմանավորված փորկապությունները։ Նյութի աղբյուր՝ doctors.am
Հրապարակման ամսաթիվը

2018-12-04 11:38:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003