Տեսողության հետ կապված խնդիրները կարող են խանգարել ազատ եւ անկաշկանդ ապրելակերպ վարելուն: Եթե ցանկանում եք ազատել Ձեզ պարբերաբար ակնոց կամ լինզա գնելու պարտավորվածությունից, ապա աչքի լազերային վիրահատությունը միանգամայն տեղին կլինի: Միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը ներկայացնում է լազերային վիրահատության մանրամասները, որոնք անհրաժեշտ է իմանալ, եթե պատրաստվում եք դիմել այդ միջամտությանը: 1. Ե՞րբ է կատարվում աչքի լազերային վիրահատություն։ Լազերային վիրահատությունը հիվանդի ցանկությունն է՝ տեսնել առանց ակնոցի կամ լինզայի: Վիրահատությունը կատարվում է -1-ից -15 եւ +1-ից +6 տեսողության դեպքում, ինչպես նաեւ՝ աստիգմատիզմի եւ խառը աստիգմատիզմի դեպքում: 2. Վիրահատությունից հետո քանի՞ տոկոսով է վերականգնվում տեսողությունը։ Վիրահատությունն ապահով է, անցավ եւ հաշվարկելի, այսինքն՝ մենք հիվանդին կարող ենք նախապես ասել, թե նա քանի տոկոսով կտեսնի՝ 100, թե, օրինակ, 50 տոկոսով: Դա կախված է աչքի հնարավորությունից, ակնոց կրելու ռեժիմից: Հիվանդներ կան, որ երբեւէ ակնոց չեն կրել, այդ դեպքում մեր սպասելիքներն ավելի քիչ կլինեն: 3. Որքա՞ն է տեւում վիրահատությունը։ Վիրահատությունը տեւում է շատ կարճ: Լազերային գործողությունները 20 վայրկյան են, հիվանդին նախապատրաստելը՝ մոտ 10 րոպե: Վիրահատությունը կատարվում է տեղային ցավազրկմամբ, հիվանդը տեսնում է՝ ինչ է կատարվում, բայց ոչինչ չի զգում: 4. Ի՞նչ գործողություններ են արվում նախքան վիրահատությունը։ Հիվանդը մոտ 12 տեսակի ստուգումներ է անցնում, որոնց մեջ մտնում են վիզոմետրիան (տեսողության ստուգում), ավտոռեֆրակտոմետրիան (համկարգչային հետազոտություն), կերատոտոպոգրաֆիան՝ կերատոկոնուսը հերքելու համար, կերատոմետրիան՝ եղջերաթաղանթի կորության շառավիղի ստուգում, հետագայում արդեն բիոմետրիա, բիոմիկրոսկոպիա, որոնք ցույց են տալիս, թե աչքի ներսում ինչ վիճակ է, եւ կարճատեսների դեպքում ակնահատակի զննում, որը ցույց է տալիս ցանցաթաղանթի վիճակը: 5. Վիրահատությունից քանի՞ օր հետո է արդյունքը տեսանելի դառնում։ Առանձնացվում են վիրահատության երեք տեսակներ. Ֆոտոռեֆրակցիոն կերատեկտամիա, որը 10 րոպե է տեւում: Տեղադրում ենք կոնտակտային՝ ոչ օպտիկական ոսպնյակ, որը հեռացվում է 4-5-րդ օրը, երբ վերջնական էպիտելիզացիա է կատարվում, եւ վերքը փակվում է: Լեյսիկ մեթոդով վիրահատություն, որի դեպքում հենց հաջորդ օրն առանց լինզայի տեղադրման տեսողությունը վերականգնվում է: Ֆեմտովայրկյանային լազերային շտկում, երբ հիվանդի եղջերաթաղանթը բարակ է եւ պետք է վիրահատվի բարձր աստիճանի կարճատեսությունը: Այս դեպքում նույնպես վերականգնման պրոցեսը տեղի է ունենում հենց հաջորդ օրը: 6. Ո՞ւմ է հակացուցված նմանատիպ վիրահատությունը։ Հակացուցումները լինում են երկու տիպի՝ կապված աչքի խնդիրների եւ ընդհանուր օրգանիզմի հետ: Ընդհանուր օրգանիզմի հետ կապված դա կարող է լինել օնկոլոգիական անամնեզ, հորմոնալ խախտումներ, կերատիտներ, գլաուկոմա, կատարակտա, հղիություն, իսկ աչքի խնդիրների հետ կապված ամենակարեւոր հիվանդությունը, որը կարող է խանգարել լազերային միջամտությանը, կերատոկոնուսն է: 7. Որքա՞ն արժե ծառայությունը Հայաստանում։ Արժեքը տարբեր է՝ կախված ցուցումներից եւ կտրող սարքերի առկայությունից: Ամեն դեպքում, լազերային վիրահատության գինը տատանվում է 260-400 հազար դրամի սահմաններում: Նյութի աղբյուր՝ doctors.am
Հրապարակման ամսաթիվը

2018-10-29 16:18:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003