Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր: Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդել դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին: «Մենք, երբեմն, անզոր ենք որոշ հիվանդություններ բուժելու հարցում, սակայն չենք կարող թույլ տալ վնասել պացիենտին դեղերի կիրառման արդյունքում: Ուստի, ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումն ու կիրառվող գործիքակազմի կատարելագործումը», - ասել է նախարարը: Առողջապահության նախարարության և մասնավորապես` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակն է անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային քաղաքականության իրագործումը: Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը: Կողմնակի ազդեցությունների հաղորդման գործընթացը թվային դաշտ տեղափոխելը համահունչ է ներկա ժամանակաշրջանին՝ հաղորդման մատչելիության բարձրացման շնորհիվ հնարավորություն ստեղծելով ընդլայնել բնակչության և առողջապահական ոլորտի մասնագետների ընդգծվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր աշխատանքներում: «Լիահույս եմ, որ հաղորդման գործընթացի մատչելիության բարձրացման շնորհիվ կընդլայնվի ինչպես բնակչության, այնպես էլ առողջապահական ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր գործընթացներում: Հայտնելով ընդամենը մեկ դեպք, մենք նպաստում ենք տասնյակ մարդկանց մոտ նմանատիպ երևույթների կանխարգելմանը և դեղերի անվտանգ կիրառմանը», - ասել է Արսեն Թորոսյանը:
Անցկացման ժամանակը

2019-05-08 10:29:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003