TV5 հեռուստաընկերությամբ հեռարձակված «Ստիպողական պատվաստում» ռեպորտաժի ընթացքում հնչեցված բոլոր մեկնաբանությունները բացահայտ սուտ են և միտված են բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանն ու անվստահության մթնոլորտի ձևավորմանը: Փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես բժշկական կազմակերպություններում` բժշկական հակացուցումներ չունեցող քաղաքացիներին, իսկ անչափահասների կամ անգործունակ ճանաչված անձանց պարագայում` կատարվում է ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում: Ինչ վերաբերում է բջջային հաղորդագրությանը, ապա տեղեկացնենք, որ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող բջջային օպերատորների կողմից (ՅՈւՔՈՄ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ) առողջապահության նախարարության առաջարկով բոլոր բաժանորդներին՝ առանց սեռատարիքային սահմանափակման, ապրիլի 25-30-ն ընկած ժամանակահատվածում հղվել է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Պատվաստումները կյանքեր են փրկում: Նախատեսված են և մեծերի, և փոքրերի համար: Պաշտպանվենք միասին: Դիմեք պոլիկլինիկա: Թեժ գիծ՝ 550601»: Սա քայլ է` մեկ անգամ ևս հիշեցնելու պատվաստումների կարևորությունն ու արդյունավետությունը: Նշենք, որ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2005 թվականից, որի ընթացքում օգտագործվում են իրազեկման բոլոր հնարավոր հարթակները, այդ թվում նաև հեռահաղորդակցության միջոցները: Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ոչ մասնագիտական, փաստերի վրա չհիմնված, գիտականորեն չապացուցված տեղեկատվություն տարածելուց:
Անցկացման ժամանակը

2019-05-04 11:01:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003