Արգանդի պարանոցի քաղցկեղն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համարում է հանրային առողջության արդի խնդիրներից մեկը: 2018 թվականի մայիսին ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ արեց այդ հիվանդության վերացմանն ուղղված գլոբալ միջոցառումներ նախաձեռնել, քանի որ կանանց շրջանում առավել տարածվածներից է: Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ արգանդի պարանոցի քաղցկեղի կանոնավոր հետազոտությունների հետ մեկտեղ մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ ժամանակին կատարվող պատվաստումները՝ այդ մահացու հիվանդության զարգացումը կանխելու լավագույն միջոցն է: Եվրոպական տարածաշրջանում ՄՊՎ դեմ պատվաստումների ընդգրկվածությունը խիստ տարբեր է` 53 երկրից 37-ում պատվաստումն ընդգրկված է ազգային օրացույցում: Պորտուգալիան առաջին երկիրն էր, որը սկսեց կատարել ՄՊՎ դեմ պատվաստումներ: 2018-ին երկիրը նշեց պատվաստումների ազգային ծրագրի հաջող իրականացման տասնամյակը: Հայաստանում կանանց շրջանում մտահոգող է վիճակագրությունը կրծքագեղձի, արգանդի պարանոցի և արգանդի մարմնի հիվանդացության և մահացության առումով: 2017 թվականի դրությամբ արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 262 նոր դեպք, որոնցից 80%-ը գրանցվել է 40-69 տարիքային խմբերում, դեպքերի 62%-ը հայտնաբերվել է III և IV փուլերում: Հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 3116 (2002թ. համեմատ աճել է 1.4 անգամ` 2239 դեպք), իսկ մահացությունը` 75 դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությունը նվազեցնելու և կանխարգելելու նպատակով 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագիրը, որի շրջանակում 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով իրականացվում է բջջաբանական հետազտություն (ՊԱՊ քսուկի հետազոտություն): 2015-2018թթ. ընթացքում ՊԱՊ հետազոտություն է անցել ավելի քան 210000 կին: Հետազոտված կանանց շուրջ 6%-ի մոտ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ:
Անցկացման ժամանակը

2019-02-05 11:22:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003