Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Չնայած արձանագրված ակտիվությանն իրավիճակը համահունչ է ներկայիս սեզոնին և վերահսկելի է: Հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում այսօրվանից իրականացվել է «համաճարակային ֆիլտր»: Հունվարի 9-ին դպրոցներից և մանկապարտեզներից շնչառական վարակներին բնորոշ գանգատներով 387 երեխա (Երևան՝ 129, մարզեր՝ 258) տուն է ուղարկվել: Ձեռնարկված աշխատանքները շարունակական են: Գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է. - խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, - եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, մի հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան՝ մի թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, - մի թույլ տվեք ձեր աշխատկիցներին հիվանդ վիճակում հաճախել աշխատանքի, ավելին՝ եթե նրանց աշխատանքն անմիջական կապ ունի երեխաների, հիվանդների, այցելուների և պացիենտների հետ, - եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան՝ հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, - մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, - հագնվե´ք և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան, - պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը, - օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, - հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, - հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով:
Անցկացման ժամանակը

2019-01-11 11:21:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003