H1N1 գրիպը, որը ժողովուրդն անվանում է խոզի գրիպ, Վրաստանում արդեն 13 կյանք է խլել: Վերջին տեղեկություններով՝ Վրաստանում H1N1-ի լաբորատոր հետազոտությամբ հաստատված դեպքերի թիվը հասել է մինչեւ 162-ի: Ինչպես հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, H1N1 վիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է 640 պացիենտ, որոնցից 39-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նախարարի խոսքով՝ հիվանդացությունը սկսել է մի փոքր նվազել, սակայն բժշկին դիմած եւ ժամանակին բուժում սկսած մարդկանց միայն 45 տոկոսն է այդպես վարվել առաջին 2 օրում: Նա քաղաքացիներին կոչ է արել իրենց կամ մերձավորների մոտ գրիպի ախտանշաններ նկատելու դեպքում անմիջապես բժշկի դիմել, որպեսզի ճիշտ բուժում ստանան: Վրաստանի Առողջապահության նախարարությունը գրիպով հիվանդացության դեպքերի հաճախակիացման պատճառով որոշել է, որ երկրի ուսումնական հաստատությունների աշխատանքը կվերականգնվի հունվարի 18-ին, այլ ոչ թե 14-ին, ինչպես նախատեսված էր նախկինում: Երկրի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն նշել է, որ գիրպի դեմ պատվաստվել կարելի է նաեւ հիմա, սակայն պետք է հիշել, որ վիրուսի նկատմամբ իմունիտետը մշակվում է պատվաստվելուց հետո միայն 2 շաբաթ անց: Նա նաեւ հիշեցրել է, որ փետրվարին մասնագետները սպասում են վիրուսի տարածման հաջորդ ալիքին: Հիշեցնենք, որ Հայաստանում, պաշտոնական տեղեկությունների համաձայն, հայտանաբերվել է A H1N1 գրիպի լաբորատոր հետազոտությամբ հաստատված 10 դեպք: Դրա հետեւանքով մահվան դեպքեր չեն գրանցվել: Նյութի աղբյուր՝ med.news.am
Անցկացման ժամանակը

2019-01-10 11:25:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003