Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին: Բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992-ից: Իրականացնում է բարեսիրական ծրագրեր ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում և Ստեփանակերտում: Ծառայություններից օգտվում է տարեկան 60 հազար երեխա: Ներկայացնելով կազմակերպության առաքելությունը` Իրինա Լազարյանը նշել է, որ Գյումրիում նոր շենք կառուցելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բուժման կարիք ունեցողները շատացել են: Իսկ դրա հիմնական պատճառը մարզային դպրոցներում կազմակերպված ատամնաբուժական և ակնաբուժական սքրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերման ավելացումն է: Բուժման կարիք ունեցող երեխաների թիվն աճել է մոտ 1000-ով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես` երեխաներին մատուցվող ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունների հասանելիության, ավելի վաղ տարիքում խնդիրների հայտնաբերման, շարժական ծառայություններ մատուցելու հնարավորության վերաբերյալ: Արսեն Թորոսյանը բարձր գնահատելով կազմակերպության բարեգործական ծրագրերը` համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
Անցկացման ժամանակը

2018-12-15 11:13:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003