Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Սարատովում, որտեղ ընթանում է «Սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովումը ԱՊՀ անդամ-պետություններում, այդ թվում` ժանտախտի անդրսահմանային բնական օջախների տարածքում» խորագրով 14-րդ Միջազգային գիտագործնական համաժողովը: Այն նվիրված է Ռոսպոտրեբնադզորի «Միկրոբ» գիտահետազոտական ինստիտուտի 100-ամյակին: Միոցառման բացմանն Արսեն Թորոսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Նիստի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը հանդիպել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովային: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Միկրոբ» գիտահետազոտական ինստիուտի հետ համատեղ ախտորոշիչ թեստերով ապահովման և այլ հարցերով համագործակցության մասին: Այնուհետև Հայաստանի առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության միջև ստորագրվել է Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: «Այս համագործակցությունը շատ կարևոր է թե գիտության և թե տեխնիական տեսանկյունից, հատկապես` ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում: «Միկրոբը» սերտորեն աշխատում է մեզ հետ. փոխանակում ենք տեղեկատվություն, ստանում ենք տվյալներ ողջ աշխարհում գիտական ձեռքբերումների և նոր մոտեցումների վերաբերյալ», - ասել է Արսեն Թորոսյանը: Նշենք, որ համաժողովը նպատակ ունի ամրապնդելու համաճարակային վերահսկողության և սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման հարցերում երկրների համագործակցության մեխանիզմները: Այն կնպաստի վարակիչ հիվանդությունների բռնկումների բացահայտմանը, արձագանքման և կանխարգելման համար երկրների կարողությունների բարձրացման շուրջ կարծիքների փոխանակմանը, առաջարկների մշակմանը և փորձի փոխանակմանը: Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է Հայաստանի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը` երկու երկրի առողջապահության համակարգերի համագործակցության համատեքստում: Գիտաժողովի աշխատանքները շարունակվում են: Հայաստանի կողմից սպասվում է գիտական զեկույց` երկրում Միջազգային առողջապահական կանոնների կայուն ներդրման թեմայով:
Անցկացման ժամանակը

2018-11-21 14:02:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003