Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը: Այս հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում (ՇԴ 1 տիպ) կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ 2 տիպ): Ինսուլինն արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը: Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի` գոյություն ունի դիաբետի չորս հիմնական տեսակ, որոնցից առավել տարածված են առաջին, երկրորդ և երրորդ տիպերը: Աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով: Առաջին տիպի դիաբետն էնդոկրին համակարգի աուտոիմունային հիվանդություն է, որն ավելի հաճախ առաջանում է մինչև 30 տարեկան անձանց մոտ: Երկրորդ տիպի դիաբետը մետաբոլիկ հիվանություն է, որն ավելի հաճախ ի հայտ է գալիս 30 և բարձր տարիքային խմբում: Իսկ գեստացիոն դիաբետը բնութագրվում է հղիության ժամանակ առաջացած հիպերգլիկեմիայով, կամ արյան մեջ գլուկոզի պարունակության բարձրացմամբ` նորմայից բարձր մակարդակի, բայց ոչ դիաբետ ախտորոշման համար նշանակալի չափով: Գեստացիոն դիաբետը բարձրացնում է ծննդաբերության ժամանակ հավանական բարդությունների ռիսկը, ինչպես նաև հետագայում երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը: Համաշխարհային տվյալների համաձայն` դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են` ժառանգական նախատրամադրվածությունը (1 տիպի ՇԴ), անառողջ սննդակարգը, ավելցուկային քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը, խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, կանանց մոտ հղիության դիաբետը կամ 4-կգ և ավելի քաշ ունեցող երեխայի ծննդաբերությունը: Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշերն են՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն (պոլիուրիա), անհագ ծարավի զգացում (պոլիդիպսիա), մշտական քաղցի զգացում, քաշի անկում կամ ավելացում, տեսողության վատթարացում, վերքերի դանդաղ լավացում: Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում այս ախտանիշները կարող են հանկարծակի ի հայտ գալ: Երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման սկզբնական փուլում այս ախտանիշները կարող են ավելի թույլ արտահայտված լինել, այդ իսկ պատճառով հիվանդությունը կարող է ախտորոշվել սկսվելուց մի քանի տարի անց, արդեն բարդություններ առաջանալուց հետո: Ոչ վաղ անցյալում այս տիպի դիաբետը ախտորոշվում էր միայն մեծահասակ մարդկանց շրջանում, բայց այժմ երիտասարդացման միտում է արձանագրվում և այն ախտահարում է նաև դեռահասներին և երիտասարդ տարիքի բնակչությանը, որը պայմանավորված է ռիսկային վարքագծով: Անվերահսկելի դիաբետի ընդհանրական արդյունք է հանդիսանում հիպերգլիկեմիան կամ արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակի բարձրացումը, ինչը ժամանակի ընթացքում բերում է օրգանիզմում արյան շրջանառության, նյարդային, տեսողական և այլ օրգան համակարգերի ախտահարման: Հիվանդության և հետագա բարդությունների զարգացման կանխարգելումը հնարավոր է սքրինինգային՝ արյան գլուկոզի պարունակության պարզ հետազոտության (լաբորատոր անալիզի) միջոցով, ինչը բավականին մատչելի թեստ է: Դիաբետի դեղորայքային և ոչ դեղորայքային բուժումը ուղղված է արյան մեջ գլուկոզի քանակի նվազեցմանը, ինչպես նաև արյունատար անոթների քայքայմանը նպաստող հայտնի ռիսկի գործոնների նվազեցմանը: Հայաստանում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որով պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշների կայուն և ամենամյա աճը: Համաձայն վիճակագրական տվյալների` շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ, որը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անդամ (35500 դեպք): Յուրաքանրյուր տարի արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել են 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել: Հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ ներկայումս պետության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 2015 թվականի հունվարից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, շաքարային դիաբետի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգ: Ծրագրի շրջանակում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել շաքարային դիաբետի անվճար հետազոտություններ:
Անցկացման ժամանակը

2018-11-14 12:01:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003