Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 1999 թվականին առաջին անգամ նշվել է Սրտի համաշխարհային օրը, ինչը հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Սրտի օրը նշելու նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը սրտանոթային հիվանդությունների համաճարակի վտանգի վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում սրտի իշեմիկ հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի կանխարգելմաննըև առողջ ապրելակերպի քարոզմանը: Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «ՍԻՐՏԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ Է»: ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդ մահ գրանցվում է սրտանոթային հիվանդություններից` տարեկան կազմելով շուրջ 17 մլն դեպք, որոնցից առնվազն 75%-ն արձանագրվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (ԱՇՀՀ) Հայաստանի բնակչության մահացության կառուցվածքը նման է եվրոպական տարածաշրջանի պատկերին: 2017 թվականի տվյալների hամաձայն` մեր երկրում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բեռը կազմել է մոտ 80%: Ընդ որում, մահացության բուրգում ԱՇՀՀ-ը զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով 55.6%, որից 20%-ն արձանագրվում է աշխատունակ տարիքային խմբում` մինչև 65 տարեկան: Վերջին 30 տարվա ընթացքում ԱՇՀՀ տարածվածության ցուցանիշն աճել է շուրջ 1.8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` 1.5 անգամ: Ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների ավելի քան 55 հազար նոր դեպք, ընդհանուր հիվանդների թիվը կազմում է շուրջ 250 հազար, որը մեծ տնտեսական բեռ է թե համակարգի, թե հիվանդի համար: Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` սրտանոթային համակարգի հիվանդությունների և կաթվածի զարգացման ռիսկի գործոններից են զարկերակային գերճնշումը, արյան մեջ խոլեստերինի և գլուկոզայի բարձր մակարդակը, ծխախոտի օգտագործումը, մրգերի և բանջարեղենի սակավ օգտագործումը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը և այլն: Ի դեպ, անառողջ կենսակերպը, որը նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, ամենից հաճախ ձևավորվում է դեռևս մանկապատանեկան հասակում, իսկ տարիքի հետ սրտանոթային հիվանդությունների ռիսկը միայն մեծանում է: 2016 թվականին ԱՀԿ մեթոդաբանությամբ առաջին անգամ իրականացվեց ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածության STEPS ազգային հետազոտությունը, որի արդյունքները փաստում են. ՀՀ յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխում է, Բնակչության յուրաքանչյուր երկրորդը գտնվում է երկրորդային ծխի ազդեցության տակ տնային պայմաններում, ՀՀ 18-69 տարեկան բնակչությունը գրեթե 2 անգամ չարաշահում է աղի օգտագործումը, Զարկերակային բարձր ճնշման տարածվածությունը կազմում է 37.8%, Բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում, Բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է: ԱՇՀՀ կանխարգելումն ու բեռի նվազեցումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այդ նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք բազմակողմանի ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ: ՈՎՀ կանխարգելման և հսկողության քաղաքականության հիմնական մոտեցումները ներկայացված են առավել բարձր մահացության բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի, առողջ ապրելակերպի խթանման, ծխախոտի, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրերում: 2015 թվականի հունվարի 1-ից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ՈՎՀ սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու առաջնային օղակում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և ախտորոշման, իսկ 30-60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով: Արդյունավետ գործում է «Պետության կողմից երաշխավորված սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագիրը, որի շրջանակներում 2015-2017թթ. ընթացքում բժշկական օգնություն է ստացել շուրջ 4200 քաղաքացի, իսկ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում` 600 քաղաքացի: Ծրագիրն ապահովել է «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլևացիայով» ախտորոշման ժամանակ ինֆարկտ-պատասխանատու կորոնար զարկերակի ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունների մատչելիությունն ամբողջ բնակչության համար: Այս տարվա հուլիսի 1-ից, առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, ծրագրի շրջանակներում սրտի ստենտավորումը կատարվում է արդեն դեղապատ ստենտով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 750 հազար դրամ՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն: Կարեւոր է շեշտել նաեւ, որ հանրապետության առաջատար սրտաբանական կենտրոններում սրտի վիրահատությունների արժեքը եւս նվազել է՝ շնորհիվ վիրահատությունների համար անհրաժեշտ պարագաների մատակարարների հետ առողջապահության նախարարի ունեցած բանակցությունների: Նյութի աղբյուր՝ moh.am
Անցկացման ժամանակը

2018-10-29 12:01:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003