Գլխավոր Դեղամիջոցներ Դեղաբույսեր

Դեղաբույսեր (լատ.՝ Plantae medicinalis), մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ։ Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով։ Հայաստանում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 տեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում)։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց օրգաններում առկա քիմիական տարբեր բաղադրության օրգանական նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն), որոնք ֆիզիոլոգական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա։ Բույսերում առաջացող կենսաբանական ակտիվ նյութերը կենդանի օրգանիզմի նյութափոխանակության արդյունք են, ուստի ավելի բնական ձևով են մասնակցում մարդու օրգանիզմի կեևսաքիմիական և այլ կենսաբանական շարժերին։ Բույսերում պարունակվող որոշ նյութեր ազդում են սպիտակուցների կենսասինթեզի վրա, պայմաններ ստեղծում իմունային մարմինների սինթեզի համար, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները, ֆերմենտների ակտիվությունը և այլն։ Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին։ Դեղաբույսերի տեսակները ՀՀ ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործությամբ. սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն։ Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն։ Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։ Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն։ Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլեղինջը, դաղձը, ուրցը, տատրակը և այլն։ Քրտնաբեր հատկություններ ունեն ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։ Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն։ Հավաքած դեղաբույսեր դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում (բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր)։ Չորացած դեղաբույսերը օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ (հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար)։ Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները (արդյունավետություն, անվտանգություն և այլն) նույնն են։ Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները։ Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003