Գլխավոր Հիվանդություններ Բրիլիի հիվանդություն

Բրիլլի հիվանդությունը պատճառականությամբ նույն բծավոր տիֆն է, սակայն որոշ կլինիկահամաճարակային առանձնահատկություններով։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձևակերպման Բրիլլի հիվանդությունը ձևակերպվում է այսպես՝ «բծավոր տիֆի հարուցիչը անորոշ երկար ժամանակով կարող է մնալ օրգանիզմում և տևական գաղտնի-անախտանշային ժամանակահատվածից հետո, առաջացնել հիվանդության ռեցիդիվ», որն ընթանում է ավելի թեթև և ատիպիկ։ Կլինիկան։ Թաքնված շրջանը 6-25 օր է (միջին հաշվով 11-14 օր)։ Բծավոր տիֆն իր ընթացքով պատկանում է բնորոշ ցիկլային վարակների շարքին։ Ըստ ընթացքի բաժանվում է 3 փուլի՝ նախնական կամ նախացանային շրջան (հիվանդության 4-5 օրը), ծաղկման շրջան (5-10-12 օր) առողջացման շրջան։ Ըստ ծանրության աստիճանի լինում են` թեթև, միջին ծանրության, ծանր, գերծանր ձևեր։ Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է ջերմության սուր բարձրացումով, հազվադեպ կարող են լինել նախանշանային երևույթներ։ Ջերմությունը հասնում է բարձր թվերի առաջին 2 օրվա ընթացքում, երրորդ օրվանից սկիզբ է առնում կայուն, հյուծող ջերմային վիճակ՝ 38-39°, որը պահպանվում է ամբողջ նախացանային շրջանում՝ 8-10-13 օր։ Ցանավորմանը նախորդող օրերին կարող է նկատվել ջերմության թեթևակի իջեցում, առանց հիվանդի ինքնազգացման բարելավման։ Ռեկոնվալեսցենցիայի շրջանում ջերմության անկումը կրում է արագացած լիզիսի բնույթ։ Ընդհանուր առմամբ ջերմային շրջանը տևում է 12-16 օր։ Ջերմության բարձրացմանը զուգահեռ նկատվում են արտահայտված գլխացավեր, գլխապտույտ, անքնություն, թուլություն, նողկանքի զգացում։ Հիվանդը ձեռք է բերում բնորոշ տեսք՝ դեմքը լինում է փքված, դեմքի ու պարանոցի մաշկը գերարյուն, աչքերը փայլուն, սկլերաները արյունալեցված («կարմիր աչքեր՝ կարմիր դեմքի վրա» կամ «ճագարի աչքեր»)։ 2-րդ-3-րդ օրը փափուկ քիմքի լորձաթաղանթի վրա հայտնվում է ներցան (էնանթեմա) կարմիր արյունազեղումների ձևով (Ռոզենբերգի ախտանիշ)։ 3-4 օրը աչքի շաղկապենում արտահայտվում է մուգ-բոսորսւգույն-ցիանոտիկ ներցանը (Կիարի-Ավցինի ախտանիշ)։ Հիվանդության այս նախնական շրջանում կարող է լինել հաճախասրտություն, սրտի տոների խլացում, զարկերակային ճնշման անկում։ Մաշկի վրա ցանային տարրերը դեռևս բացակայում են, սակայն մազանոթների փխրունության հետևանքով մանր կետավոր արյունազեղումների ձևով դրական են «կսմթոցի» և «լարանի» ախտանիշները։ Հիվանդության 4-5 օրից, սովորաբար զարգանում է բնորոշ վարդացան, արյունապետեխային ցանավորում։ Ցանն առատ է, տարատեսակ, տափակ բնույթի ու տարբեր չափերի, բարձրանում է մաշկի մակերեսից, սեղմելիս անհետանում է։ Ցանային տարրերը հիմնականում տեղակայվում են իրանի կողմնային մակերեսներին, մեջքի վրա, ենթանրակային և անութային շրջաններում, վերին վերջույթների ծալիչ մակերեսներին։ Հազվադեպ ցան կարող է լինել նաև դեմքին, ափերին, ազդրերի ներսի մակերեսներին։ Ցանը կարող է լինել` առաջնային՝ մանր, կետավոր արյունազեղումների ձևով, երկրորդային, երբ վարդացանի կենտրոնում առաջանում է արյունազեղում։

Վերջինս կարևոր ախտացուցիչ նշանակություն ունի բծավոր տիֆի ախտորոշման համար։ Վարդացանը առանց որևէ հետքի վերանում է հիվանդության 10-14 օրը։ Ցանային շրջանում ավելի խիստ են արտահայտվում սրտանոթային համակարգի շեղումները, հնարավոր է անոթային կոլապսի զարգացում։ Բնորոշ փոփոխություններ են զարգանում նաև կենտրոնական նյարդային համակարգի կողմից՝ հաճախակի և տանջող բնույթի գլխացավեր, էյֆորիա, շատախոսություն, երբեմն հոգեշարժ (փսիխոմոտոր) գրգռված վիճակ, տենդային շրջանում ուղեղաթաղանթային ախտանիշներ, գիտակցության, ժամանակի և տարածության մեջ կողմնորոշման խանգարումներ, հալուցինացիաներ, երբեմն ագրեսիվություն՝ ինքնավնասման փորձով, զառանցանք։ Վերջինս կախված ծանրության աստիճանից, կարող է տևել 3-9 օր։ Անքնությունը բծավոր տիֆի մշտական ուղեկցող ախտանիշներից է։ Հաճախ հայտնաբերվում է նկատելի ստատիկ տրեմոր՝ լեզվի հրոցանման շարժումներով միջին գծից աջ կամ ձախ (Գովորով -Գոդելյեի ախտանիշ)։ Շնչական և ստամոքսաաղիքային համակարգերի կողմից էական շեղումներ չեն նկատվում։ Միզային օրգանների կողմից՝ օլիգուրիա, իշուրիա, սպիտամիզություն և այլն։ Ծայրամասային արյան կողմից՝ լեյկոցիտոզ, նեյտրոֆիլյոզ, մոնոցիտոզ։ Սկսած հիվանդության երրորդ օրից մինչև 10-12 օրը, որպես պարտադիր և մշտական ախտանիշ, զարգանում է հեպատո-սպլենոմեգալիա: Բարդությունները՝ կոլապս, ստորին վերջույթների փտախտային փոփոխություններ, թրոմբներ, թրոմբոէմբոլիաներ, հարականջաբորբեր, ականջաբորբեր, բրոնխոնևմոնիաներ։ Կապված երկրորդային մանրէական ֆլորայի ակտիվացման հետ կարող են առաջանալ նաև սեպտիկ բնույթի բարդություններ։ Ախտորոշումը։ Հիմնված է բնորոշ կլինիկական և համաճարակային տվյալների վրա։ Սակայն ախտորոշման լիարժեք հաստատման համար կարևոր նշանակություն ունեն նաև շճաբանական հետազոտման տվյալները՝ Վեյլ-Ֆելիքսի, ռիկետսիայի ագլյուտինացիայի (ՌԱՌ) կոմպլեմենտի կապման և անուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիաները։ Ախտորոշիչ են համարվում 1:160 և ավելի նոսրացումները։ Տարբերակիչ ախտորոշման համար պետք է ժխտել հետևյալ հիվանդությունները. հիվանդության նախնական շրջանում՝ գրիպը, թոքաբորբը, մենինգոկոկային մենինգիտը, արյունահոսական տենդը, հիվանդության ծաղկման շրջանում՝ հետադարձ տիֆը, վարակային մոնոնուկլեոզը, սեպսիսը, կարմրուկը, սիֆիլիսը և այլ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ցանով: Բուժումը։ Կոմպլեքսային է՝ ախտածնական, պատճառական և ախտանշական։ Ներկայումս հակաբիոտիկների օգտագործումը հնարավորություն է տալիս զգալի կրճատել տենդային շրջանը (2-3 օր) և գրեթե բացառել բարդությունները։ Մեծ նշանակություն է տրվում նաև ինֆուզիոն թերապիային, վիտամինների, հակամակարդիչների, սրտային գլյուկոզիդների, տոնուսավորող պատրաստուկների, հանգստացնող միջոցների կիրառմանը։ Բծավոր տիֆի բուժման կոմպլեքսում կալցիումի պատրաստուկների և K վիտամինի օգտագործումը խիստ հակացուցված է։ Մանր դեպքերում կազմակերպվում է նաև հորմոնաթերապիա։ Մեծ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի խնամքի և սնուցման հարցերին, անհատական քույրական հսկողության սահմանմանը։ Խիստ անկողնային ռեժիմ պետք է պահպանվի ամբողջ տենդային ժամանակահատվածում և հետո ևս 5-6 օր։ Նորմալ ջերմության հաստատման 7-8-րդ օրը թույլատրվում է քայլել, իսկ չբարդացած դեպքերում ռեկոմվալեսցենզիայի 12-րդ օրը հիվանդին կարելի է դուրս գրել։ Կանխարգելումը։ Կանխարգելիչ միջոցառումները պետք է վերաբերվեն համաճարակային շղթայի բոլոր երեք օղակներին՝ հիվանդ-միջանկյալ տեր (ոջիլ) -ընկալ օրգանիզմ։ Կազմակերպվում է լիարժեք դեզինսեկցիա (վարակազերծում), սպիտակեղենի և հագուստի կամերային դեզինֆեկցիա (ախտահանում): Վարակի օջախում սահմանվում է 71-օրյա հսկողություն։ Յուրաքանչյուր կասկածելի դեպքում կատարվում է պարտադիր հոսպիտալացում։ Ախտահատուկ կանխարգելիչ միջոցառումները դեռևս լիարժեք և արդյունավետ չեն, քանի որ բծավոր տիֆը համաճարակային տեսանկյունից ներկայումս համարվում է վերացած, ուստի ախտահատուկ կանխարգելումը կորցնում է իր հրատապությունը։ Կլինիկական մանկաբուժություն Վ.Ա. Աստվածատրյան

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003