Կապույտ հազ, սուր վարակիչ հիվանդություն։ Արտահայտվում է շնչառական ուղիների լորձաթաղանթների ու նյարդային վերջույթների կատարային բորբոքումով, ցիկլային ընթացքով և յուրահատուկ ջղաձգային հազի նոպաներով։ Հիվանդանում են առավելապես երեխաները։ Հարուցիչը հայտնաբերել են բելգիացի գիտնական Ժ. Բորդեն և ֆրանսիացի O. Ժանգուն, 1906 թվականին։ Բորդե-Ժանգուի ցուպիկները բավականին անկայուն են և արտաքին միջավայրի պայմաններում արագ ոչնչանում են։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազալու, փռշտալու ժամանակ թքի ու լորձի կաթիլների հետ մանրէներն ընկնում են օդի մեջ, ապա ըմպանով ու շնչառական ուղիներով թափանցում օրգանիզմ։ Գաղտնի շրջանը սովորաբար տևում է 10-14 օր։ Կապույտ հազիի կլինիկական ընթացքում տարբերում են 3 շրջան՝ կատարային երևույթների, ջղաձգային հազի և առողջացման։ Կապույտ հազի շրջանները Կատարային շրջան Կատարային շրջանը բնութագրվում է ինքանզգացողության վատացմամբ, չոր հագով, հարբուխով, ջերմության բարձրացմամբ։ Աստիճանաբար հազը ուժեղանում է, և 10—14 Օր հետո սկսվում է նոպայաձև ջղաձգային հազի շրջանը։ Մեկ օրվա ընթացքում կարող են լինել հազի մի քանի տասնյակ նոպա, որոնց դեպքում, սովորաբար, նկատվում է սպիտակավուն խորխի արտազատում, փսխում, հեղձուկ։ Հիվանդի դեմքը լինում է այտուցված, կապտած, երբեմն նկատվում են մաշկի, աչքի շաղկապենու, եղջերաթաղանթի ու կոպի խորշերտի արյունազեղումներ։ Փոփոխություններ են առաջանում շնչառական օրգաններում, սիրտ-անոթային ու նյարդային համակարգերում։ Տևում է 2-8 շաբաթ։

Առողջացման շրջան Առողջացման շրջանում հազի նոպաները դառնում են հազվադեպ ու թեթև և աստիճանաբար վերանում են։ Կապույը հազը երբեմն արտահայտվում է թեթև ձևով, որի ժամանակ կլինիկական նշաններն արտահայտված չեն լինում։ Հիվանդության բարդություններից են թոքաբորբը, նյարդային համակարգի տարբեր ախտահարումները, խոսքի, լսողության, տեսողության խանգարումները և այլն (հիմնականում լինում են կրծքի երեխաների մոտ)։ Հիվանդության ելքը կախված է երեխայի տարիքից, հիվանդության ծանրությունից ու բուժումից։ Բուժումը Հազի հաճախակի նոպաների, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության, ջղաձգության սիմպտոմոկոմպլեքսի զարգացման դեպքում՝ հանգստացնող դեղամիջոցներ և վիտամիններ՝ B1, B2, հակակապույտհազային գամմա-գլոբուլին, լիարժեք սննդի ու հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպում։ Հիվանդների վրա չափազանց բարերար է ազդում թարմ, սառը օդը։ Կանխարգելումը՝ հիվանդների և նրանց հետ շփվող անձանց վաղ մեկուսացում։ Պատվաստումները կատարում են կապույտ հազի սպանված մանրէներից պատրաստված վակցինայով, դիֆթերիայի ու փայտացման անատոքսինների հետ զուգակցված (AKDC-վակցինա)։ Ներարկում են 5-6 ամսական երեխաներին, եռանվագ՝ 30-45 օր ընդմիջումով։ Այնուհետև կատարում են կրկնապատվաստումներ մինչև 7 տարեկանը։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003