Հյուծանք, կախեքսիա, օրգանիզմի հիվանդագին վիճակ, բնորոշվում է խորը հյուծվածությամբ և ֆիզիկական թուլությամբ։ Ախտանշաններն են. խիստ նիհարում, քաշի կորուստ, մաշկի չորություն և թորշոմում, մազաթափություն, ենթամաշկային ճարպաշերտի անհետացում, մկանների և ներքին օրգանների ապաճում, արյան շիճուկում սպիտակուցների պարունակության նվազում։ Կարող են առաջանալ նաև այտուցներ, արյունազեղումներ, սակավարյունություն, երբեմն՝ հոգեկան խանգարումներ։ Հյուծանքի առաջացման պատճառներն են՝ երկարատև թերսնուցումը և քաղցը, նյութափոխանակության ծանր խանգարումները, քրոնիկական թունավորումները (կապարով, սնդիկով, ֆտորով և այլն), ստամոքս-աղիքային համակարգի ծանր ախտահարումները (աղիքների լորձաթաղանթի ատրոֆիա), ստամոքսի և աղիքների վիճակը մասնահատումից (ռեզեկցիա) հետո։ Հյուծանք կարող է առաջանալ նաև տուբերկուլոզի ծանր ընթացքի, քրոնիկական այլ ինֆեկցիաների, ներքին սեկրեցիայի գեղձերի (հիպոֆիզ, վահանագեղձ, մակերիկամ, ենթաստամոքսային գեղձ) ախտահարումների, տարածուն, չբուժվող վերքերի, թարախակալումների, չարորակ ուռուցքների (հատկապես կերակրափողի և ստամոքսի) դեպքերում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003