Գլխավոր Հիվանդություններ Ոսպնյակի մթագնում

Ոսպնյակի մթագնում կամ կատարակտ (լատ.՝ cataracta, հին հուն․՝ καταρράκτης — «ջրվեժ, ջրվեժի ցայտեր»), աչքի ոսպնյակի թափանցիկության խանգարում։ Բնականոն ոսպնյակը բացարձակ թափանցիկ է։ Մթագնումը հանգեցնում է տեսողության վատացման։ «Կատարակտա» տերմինն արտահայտում է հին հույների սխալ պատկերացումը, ըստ որի ոսպնյակի մթագնման պատճառը ծիածանաթաղանթի և ոսպնյակի միջև պղտոր հեղուկի լցվելն է։ Ըստ ոսպնյակի մթագնած հատվածի տեղադրության տարբերում են՝ պարկավոր(ոսպնյակը ծածկող պատիճում), կեղևային(սկըսվում է կեղևային զանգվածներից և աստիճանաբար ընդգրկում ամբողջ ոսպնյակը), կորիզային(հատկապես ոսպնյակի կորիզակի կենտրոնական շերտերում) մթագնումներ։ Խմբեր Ոսպնյակի մթագնումը բաժանում են 2 խմբի. ոչ առաջընթաց մասնակի (սովորաբար՝ բնածին), ինչպես նաև առաջընթաց (սովորաբար՝ ձեռքբերովի), որոնց դեպքերում ոսպնյակը ժամանակի ընթացքում լրիվ կորցնում է թափանցիկությունը։ Առաջընթաց մթագնում Առաջընթաց մթագնման շարքին են դասվում ոսպնյակի ծերունական մթագնումը, որի առաջացման պատճառները դեռևս ուսումնասիրված չեն, սակայն առաջացման համար կարևոր նշանակություն ունի ոսպնյակի սնուցման խանգարումը։ Ոսպնյակի ծերունական մթագնումը բնորոշվում է դանդաղ ընթացքով։ Նրա «հասունացման» շրջանը (ոսպնյակի մթագնման առաջընթացը) տարբեր մարդկանց մոտ տարբեր է և կախված է տարիքից ու հիվանդի ընդհանուր վիճակից։

Ոսպնյակի մթագնումը համարվում է «հասունացած», եթե լրիվ մթագնել է ամբողջ ոսպնյակը։ Ոսպնյակի մթագման հասունացման աստիճանը կարևոր նշանակություն ունի վիրահատական բուժման ժամկետը որոշելու համար։ Ոսպնյակի մթագման հասունացման ժամկետի և հիվանդի տարիքի միջև գոյություն ունի օրինաչափ կապ։ Որքան մեծ է տարիքը, այնքան ոսպնյակի մթագման առաջընթացը դանդաղ է, և հակառակը՝ որքան երիտասարդ է հիվանդը, այնքան արագ է խորանում մթագնումը։ Երբեմն ոսպնյակի մթագնումը ախտահարում է երկու աչքը: Ախտանիշներ Ոսպնյակի մթագման առաջացմանը նպաստում են շաքարախտը, աչքի երկարատև հիվանդությունները (աչքի անոթաթաղանթի բորբոքում, ցանցաթաղանթի շերտազատում, աչքի բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմա և այլն), աչքի վնասվածքները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի (հալոցային վառարանների մոտ) կամ իոնացնող ճառագայթների ազդեցության պայմաններում առանց պաշտպանական միջոցների՝ երկարատև աշխատանքը։ Ոսպնյակի մթագման ժամանակ տեսողության նվազմանը նախորդում է աչքերի առաջ մուգ զոլերի, գծիկների, բծերի առկայծումը։ Հիվանդ աչքով լամպի, մոմի, լապտերի լույսին նայելիս տեսնում են լույսի ոչ թե մեկ, այլ մի քանի աղբյուրներ։ Դա բացատրվում է անհավասարաչափ մթագնած ոսպնյակի միջով լույսի ճառագայթների բեկման խանգարմամբ։ Անհրաժեշտ է նշել, որ տեսողության վատացմամբ ուղեկցվող այդ երևույթները նկատվում են նաև աչքի այլ հիվանդությունների ժամանակ։ Ճիշտ ախտորոշել կարող է միայն ակնաբույժը։ Բուժում Բուժումը կարող է լինել պահպանողական և վիրահատական՝ մթագնած ոսպնյակի հեռացումով։ Անհրաժեշտ է խուսափել ինքնաբուժումից, քանի որ այն հաճախ հանգեցնում է ոսպնյակի մթագնումի արագ առաջընթացի։ Ոսպնյակի մթագնումնի տարբեր տեսակների դեպքում նշանակում են ոչ միատեսակ միջոցներ, ընտրել կարող է միայն ակնաբույժը։ Վիրաբուժական միջամտությունից հետո տեսողությունը մնում է բավականին ցածր, այն վերականգնվում է ակնոցով (նշանակվում է վիրահատությունից 1,5-2 ամիս անց)։ Վերջին տասնամյակում ՀՀ-ում լայնորեն տարածում են գտել արհեստական ոսպնյակի օգտագործմամբ վիրահատությունները։ Ոսպնյակի մթագնումով հիվանդներին խորհուրդ չի տրվում յուղոտ և աղի կերակրատեսակներ։ Օգտակար է վիտամիններով հարուստ սնունդը՝ գազարը, հում կաղամբը, բողկը, լիմոնը, խնձորը, լոռամրգին, հաղարջը ևն։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003