Դիֆթերիա (հուն.՝ διφθέρτον), սուր վարակիչ, համաճարակային հիվանդություն։ Բնորոշվում է հարուցիչի անցման տեղում բորբոքման և պինդ թաղանթային փառի առաջացումով, օրգանիզմի ծանր թունավորման երևույթներով։ Հարուցիչը Corynobacterium diphteriae ցուպիկն Է, որը հայտնաբերել է գերմանացի մանրէաբան Էդվին Կլեբսը 1883 թվականին, իսկ մաքուր կուլտուրան անջատել է գերմանացի Ֆ. Լյոֆլերը։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ բացիլակիրը։ Դիֆթերիայի ցուպիկներն արտազատվում են լորձի կաթիլների միջոցով՝ խոսելիս, հազալիս, փռշտալիս։ Տարածում Վարակն օրգանիզմ է թափանցում բկանցքի, քթի լորձաթաղանթների և վերին շնչառական ուղիների, հազվադեպ՝ աչքի շաղկապենու, վնասված մաշկի, երբեմն՝ սննդի, զանազան առարկաների, հագուստների, խաղալիքների, գրքերի միջոցով։ Ընկնելով օրգանիզմ (լորձաթաղանթների կամ մաշկի մեջ)՝ հարուցիչն արտադրում է Էքսոտոքսին, որն առաջացնում է Էպիթելային հյուսվածքի մեռուկացում, արյան անոթների ախտահարում՝ ֆիբրինային ցանցի քայքայում և դիֆթերիային փառ։ Հիվանդության փուլեր Հիվանդության գաղտնի շրջանը երկուսից տաս օր Է։ Ըստ պրոցեսի տեղակայման լինում են՝ բկանցքի, շնչառական ուղիների, քթի, աչքի, ականջի, արտաքին սեռական օրգանների, մաշկի, պորտի վերքերի դիֆթերիա։ Բկանցքի դիֆթերիան հանդիպում է առավել հաճախ, տեղակայված (սահմանափակ) ձևի ժամանակ փառը ծածկում է նշագեղձերը, չանցնելով վերջիններիս սահմաններից, ավշային հանգույցները մեծանում են չափավոր, ջերմությունը բարձրանում է մինչև 38,5—39 °C։ Տարածուն ձևի դեպքում Փառը նշագեղձերից անցնում է քմային աղեղների, լեզվի և ըմպանի լորձաթաղանթների վրա։ Նկատվում է օրգանիզմի ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, գլխացավ։ Ձևեր

Բկանցքի դիֆթերիա Բկանցքի դիֆթերիայի թունավոր ձևը բնորոշվում է բկանցքի լայնատարած ախտահարումով։ Նշագեղձերը այտուցվում են, մակերեսը պատվում է հաստ, կեղտոտ սպիտակավուն փառով։ Պրոցեսը կարող է տարածվել քիթ-ըմպանի և քթի խոռոչի մեջ։ Թունավորման նշանները արագ զարգանում են, խանգարվում է սրտի ռիթմիկ աշխատանքը, դժվարանում կլլումը և շնչառությունը։ Սուր շրջանում, սրտամկանի ախտահարման հետևանքով առաջանում է քթային արյունահոսություն, որովայնի ցավեր, փորլուծություն, սրտի գործունեության հանկարծակի անկում (կոլապս)։ Շնչառական ուղիների դիֆթերիա Շնչառական ուղիների դիֆթերիա, կոկորդի և շնչափողի ախտահարման ժամանակ Փառի, այտուցի, ինֆիլտրացիայի, կոկորդի մկանների սպազմի առաջացման հետևանքով նեղանում է կոկորդի լուսանցքը, խանգարվում շնչառությունը (դիֆթերիային կրուպ)։ Վերջինս բնորոշվում է «հաչոցանման» հազով, խռպոտ ձայնով (երբեմն լրիվ անձայնությամբ), շնչառման խիստ դժվարությամբ։ Ժամանակին բուժօգնություն ցույց չտալու դեպքում հիվանդը կարող է շնչահեղձ լինել։ Պրոցեսը բրոնխների վրա տեղակայվելու դեպքում առաջանում է դիֆթերիայի առավել ծանր՝ տարածուն կրուպ ձևը։ Քթի դիֆթերիա Քթի դիֆթերիայով հիվանդանում են փոքրահասակ երեխաները։ Թունավորման երևույթներ սովորաբար չեն նկատվում։ Առաջանում է միակողմանի հարբուխ՝ երկարատև արյունային արտադրության հակումով։ Դիֆթերիայի այլ տեսակներ Աչքի, ականջի, արտաքին սեռական օրգանների, ստամոքս-աղիքային համակարգի, մաշկի, վերքերի և պորտի դիֆթերիայի ժամանակակից բժշկության պրակտիկայում գրեթե չի հանդիպում։ Դիֆթերիայի բարդություններ Դիֆթերիայի բարդությունները մեծ մասամբ առաջանում են թունավոր ձևի և հիմնականում՝ շիճուկաբուժումն ուշացնելիս։ Կոլապսն առաջանում է հիվանդության երկուսից չորրորդ, սրտամկանի բորբոքումը՝ հինգից վեցերորդ օրը։ Երբեմն առաջանում են ծայրամասային և գլխուղեղային նյարդերի լուծանքներ, տոքսիկական նեֆրոզ, դիֆթերիային կրուպի ժամանակ՝ թոքաբորբ։ Բուժում Հակատոքսիկ-հակադիֆթերիային շիճուկի վաղ սրսկումներ, հակաբակտեբիային դեղամիջոցներ։ Շնչառության խիստ խանգարման և թթվածնային անբավարարության դեպքում՝ շուտափույթ վիրահատություն (շնչափողահատում)։ Կանխարգելում Հակադիֆթերիային վակցինայով ակտիվ իմունացում։ Վերոհիշյալ միջոցառումը ԽՍՀՄ-ում հինգից վեց ամսականից մինչև տասերկու տարեկան երեխաների համար պարտադիր է։ Կատարվում է մեկ վակցինացում և երեք ռեվակցինացում մաքրված-ադսորբցված անատոքսինով (AKDC), որը պարունակում է դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման վակցինաներ։ Հիվանդի վաղ հայտնաբերում և հոսպիտալացում, բնակարանի վարակազերծում, հիվանդի հետ շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն և բազմակի բակտերիալոգիտկան հետազոտություն յոթ օրվա ընթացքում։ Երեխաներին այդ օրերին խստիվ արգելում են մանկական հիմնարկություններ հաճախելը, օրգանիզմի զգայնության վիճակը՝ դիֆթերիայի նկատմամբ ստուգում Շիկի ռեակցիայով (կոչվում է ավստրիացի բժիշկ Բ․ Շիկի անունով)։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003