Լուծ, դիառեա (հուն.՝ διάρροτα <διαρρέω - հոսել), աղիքների գործունեության խանգարում, որն արտահայտվում է հեղուկ կղանքի հաճախակի արտաթորմամբ, պայմանավորված է աղիքային հյութի գերարտադրությամբ, աղիքների լուսանցքում բորբոքային արտաքիրտի առկայությամբ, աղիքների շարժողական գործունեության և ներծծման պրոցեսների խանգարումներով։ Լուծ աղիքային մի շարք վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ, պարատիֆեր, խոլերա), սննդային թունավորումների, ճիճվային և աղիքների բորբոքային այլ հիվանդությունների ախտանշան է։ Կարող է առաջանալ նաև մարսողական համակարգի մյուս օրգանների (ստամոքս, ենթաստամոքսային գեղձ), ընդհանուր քրոնիկական հիվանդությունների (գրիպ, կարմրուկ, սիֆիլիս, տուբերկուլոզ), սնուցման, նյութափոխանակության խանգարումների, նևրոզների, որոշ սննդամթերքների նկատմամբ օրգանիզմի զգայունության բարձրացման (իդիոսինկրազիա), հազվադեպ՝ ուռուցքների դեպքում։ Կարևոր նշանակություն ունեն նաև աղիքների մանրէային ֆլորայի փոփոխությունները, որոնց հետևանքով խանգարվում են խմորման ու նեխման բնականոն պրոցեսները։ Լուծը լինում է նաև հոգեկան ուժեղ ապրումների (վախ, ուրախություն) ժամանակ, ռեֆլեկտոր ճանապարհով՝ աղիքների հարևան օրգանների հիվանդությունների (օրինակ՝ կանացի հիվանդություններ) դեպքում։ Գոյություն ունի նաև կեղծ՝ փորկապային լուծ, որի դեպքում երկարատև փորկապության ֆոնի վրա հաճախակի արտաթորվում է հեղուկ կղանքի փոքր քանակություն։ Բուժումը. հիմնական հիվանդության վերացում, բուժական սնունդ, դաբաղող միջոցներ, ֆերմենտներ:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003