Գրիպ (ֆր.՝ gripper — ընդգրկել, փաթաթվել), ինֆլուենցա, սուր վարակիչ վիրուսային հիվանդություն, որը պարբերաբար կարող է ընդունել համաճարակային և աշխարհավարակ (պանդեմիա) բնույթ։ Հարուցիչի վիրուսն է՝ А, В և С տեսակի, որոնցից մի քանիսն ունեն իրենց ենթատեսակները։ Այն հայտնաբերել են անգլիացի վիրուսոլոգներ Ու․ Սմիթը, Ֆ․ Ու․ Էնդրյուսը և Պ․ Լեյդլոուն (1933 թվականին)։ Գրիպի յուրաքանչյուր բռնկում առաջանում է հարուցիչի նոր ենթատեսակով․ 1918 թվականի պանդեմիան («իսպանկա») առաջացել է А-0 վիրուսից, 1947 թվականին՝ А-1, 1957 թվականին՝ А-2 (Սինգապուր)։ 1959 թվականի համաճարակը պայմանավորված էր А2-ով և В-ով, 1961 թվականինը (Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում)՝ А2-ով, 1963 թվականինը (Ամերիկայում)՝ А2։ 1966 - 1967 թթ. ԽՍՀՄ-ում բռնկվել են 2 համաճարակներ՝ մեկը՝ В-ով, մյուսը՝ А2-ով ն В-ով (Հոնկոնգ)։ Գրիպի հարուցիչի նոր հակածինային ենթատեսակների առաջացումը կապված է վիրուսի վրա իմունոլոգիական գործոնների ներգործությամբ, հակամարմինների ազդեցության ներքո գրիպի վիրուսի զգայուն հակածիններն ետ են զարգանում և փոխարինվում իմունիտետի հանդեպ կայուն նոր հակածիններով։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչն լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է մարդու շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ դուրս են թռչում և վարակում շրջապատի անձանց։

Զարգացում Գրիպի գաղտնի շրջանը 1-2 օր է։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է դողով, ջերմության բարձրացմամբ՝ 37°С, իսկ որոշ դեպքերում՝ 39-40°С։ Տենդագին վիճակը տևում է 3-5 օր։ Նախանշաններ Հիվանդի մոտ լինում են ընդհանուր թուլություն, դող, գլխացավեր, գլխապտույտ, անքնություն, լուսավախություն, ցավ ակնակապիճներում և գոտկատեղում, մարմնի ջարդվածություն, բութ ցավեր հոդերում, մկաններում և ոսկրերում, հաճախ՝ բկանցքի, ըմպանի և քթի լորձաթաղանթի բորբոքային երևույթներ, չոր հազ, փռշտոց։ Սկզբնական շրջանում քթըմպանի լորձաթաղանթի չորություն, իսկ ավելի ուշ՝ քթից շճային և շճաթարախային արտադրություն։ Հիվանդը լինում է անտարբեր, անշարժունակ, դեմքի մաշկը խոնավ, երբեմն՝ բշտիկավոր ցանավորումով։ Նկատվում է արյան ճնշման անկում, պուլսի դանդաղում։ Եթե հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների, ապա 2-3 օրից սկսում է առողջացման շրջանը և ավարտվում է 5-8-րդ օրերին։ Գրիպին յուրահատուկ են մի շարք բարդություններ, որոնցից ամենածանրը թոքերի բորբոքումն է այն խիստ վտանգավոր է երեխաների և ծերերի համար։ Ավելի հաճախակի բարդություններից են բրոնխիտը, միջին ականջի, քթի հարակից խոռոչների բորբոքումները։ Գրիպը կարող է սրել սրտաանոթային համակարգի հիվանդությունները։ Գրիպը հազվադեպ կարող է բարդանալ վիրուսային շճային մենինգիտով, էնցեֆալիտով և մենինգոէնցեֆալիտով։ Բուժումը՝ գամմա-գլոբուլին, անտիբիոտիկներ և այլ դեղամիջոցներ։ Կանխարգելում Կանխարգելումը՝ հիվանդի մեկուսացում, անկողնային ռեժիմ, բնակչության մասսայական իմունացում, պատվաստումներ հակագրիպային կենդանի վակցինայով։ հիվանդին վիտամիններով հարուստ սնունդ

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003