Գլխավոր Հիվանդություններ Հիպերթերմիա

Հիպերթերմիա (< հիպեր... և հունարեն՝ θέρμη - ջերմություն), գերջերմություն, մարդու և կենդանիների օրգանիզմում ավելցուկային ջերմության կուտակումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը։ Իրականանում է ջերմատվությունը դժվարացնող կամ արտաքին միջավայրից դեպի օրգանիզմ ջերմության անցումն ուժեղացնող գործոնների ազդեցության հետևանքով։ Հիպերթերմիան առաջանում է ջերմակարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմների (քրտնարտադրություն, մաշկային արյան անոթների լայնացում և այլն) առավելագույն լարվածության հետևանքով և, եթե ժամանակին պատճառները չվերացվեն, պրոցեսը կարող է հարաճել և 41-42 °C-ում ավարտվել ջերմային հարվածով։

Հիպերթերմիան ուղեկցվում է նյութափոխանակության արագացմամբ և որակական փոփոխություններով, ջրի ու աղերի կորստով, արյան շրջանառության և ուղեղի թթվածնամատակարարման խանգարմամբ, որը հանգեցնում է գրգռվածության, երբեմն՝ ջղաձգությունների և ուշագնացությունների։ Հիպերթերմիայի զարգացմանը նպաստում են ջերմարտադրության բարձրացումը (մկանային աշխատանքի դեպքում), ջերմակարգավորման մեխանիզմների խանգարումները (նարկոզ, հարբածություն, որոշ հիվանդություններ), ջերմակարգավորման տարիքային թուլությունը (երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին)։ Արհեստական հիպերթերմիան կիրառվում է նյարդային և դանդաղ ընթացող քրոնիկական որոշ հիվանդությունների բուժման նպատակով։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003