Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հիվանդության հարուցիչը C լյարդաբորբի վիրուսն (HCV) է։ Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Շատ դեպքերում լյարդի ցիռոզով տառապողներն ունենում են նաև լյարդային անբավարարություն, լյարդի քաղցկեղ կամ կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումներ, որը կարող է արյունահոսություն առաջացնել և մահվան պատճառ դառնալ։ Հեպատիտ C-ն հայտնի է նաև «քնքուշ մարդասպան» անվամբ, քանի որ այն երկար տարիներ ընթանում է առանց որևէ ախտանիշի կամ թաքնվում է տարբեր հիվանդությունների «դիմակի տակ» և հաճախ մնում է չախտորոշված։ Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով։ HCV-ի առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-A ոչ-B լյարդաբորբ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989 թ.-ին։ հեպատիտ C-ն հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ։ Վարակված մարդկանց 85%-ի մոտ վիրուսը պահպանվում է։ Այս մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով - տիպօրինակ (ստանդարտ) բուժումն իրենից ներկայացնում է պեգինտերֆերոնի և ռիբավիրինի համակացությունը, որոշ դեպքերում բոկոպրևիրի կամ տելապրևվիրի հետ միասին։ Բուժում ստացածների 50-ից 80 տոկոսը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և հեպատիտ C լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է առաջին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է։ Ներկայումս հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։ Նշանները և ախտանիշերը Սուր ընթացք Հեպատիտ C-ն միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում։Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը։Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չեն ուղեկցվում դեղնուկով։ 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ։ Խրոնիկական ընթացք Այս վիրուսով վարակվողների ութսուն տոկոսի մոտ խրոնիկական վարակ է առաջանում։ Վարակման առաջին տասը տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում,չնայած խրոնիկական C լյարդաբորբը կարող է հոգնածության զգացում առաջացնել։հեպատիտ C-ն լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ։Շուրջ 10–30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց։Ցիռոզն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև B Լյարդաբորբ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ։ Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը քսան անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս։ Ալկոհոլը չարաշահողների իկների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է։ Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը, և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը հեպատիտ C-ի հետևանք է։ Լյարդի ցիռոզի հետևանքով կարող են առաջանալ՝ բարձր արյան ճնշումը դռներակային համակարգում, ասցիտ (հեղուկ որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային ուղեղախտ (էնցեֆալոպաթիա)։ Ազդեցությունն այլ օրգանների վրա Հեպատիտ C-ն հազվադեպ առնչվում է նաև Շեգրենի հիվանդության (ինքնաիմունային հիվանդություն), արյան մեջ թրոմբոցիտների քանակի կրճատման (թրոմբոցիպոպենիայի), տափակ որքինի, շաքարային դիաբետի և B բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների հետ։Թրոմբոցիպոպենիա ի հայտ է գալիս խրոնիկական հեպատիտ C-ի 0.16-45.4% դեպքերում հեպատիտ C-ն նաև կապվում է խառը կրիոգլոբուլինեմիա կոչվող վիճակի հետ, որն իրենից ներկայացնում է փոքր և միջին չափսերի արյունատար անոթների բորբոքում. այն զարգանում է կրիոգլոբուլինների մասնակցությամբ ձևավորված իմուն համալիրների նստեցման հետևանքով: Պատճառը Հեպատիտ C վիրուսը փոքր, պատիճավոր, միաշղթա, դրական բևեռացում ունեցող ՌՆԹ վիրուս է։Այն Flaviviridae ընտանիքի hepacivirus խմբի անդամ է։HCV-ի յոթ խոշոր գենոտիպ գոյություն ունի։Միացյալ Նահանգներում դեպքերի 70%-ը հարուցվում է 1-ին գենոտիպով վիրուսը, 20%-ը՝ 2-րդ գենոտիպովը, իսկ մյուս գենոտիպերով վիրուսները հարուցում են դեպքերի 1-ական տոկոսը։ 1-ին գենոտիպն ամենատարածվածն է նաև Հարավային Ամերիկայում և Եվրոպայում:

Փոխանցում Զարգացած երկրներում վիրուսի փոխանցման գլխավոր ճանապարհը թմրադեղերի ներերակային ներարկումն (IDU) է։ Զարգացող երկրներում գլխավոր ճանապարհը արյան փոխներարկումն է և անապահով բժշկական գործողությունները[19] Դեպքերի 20%-ում վարակման պատճառն անհայտ է մնում, բայց դրանց մեծ մասը հավանաբար IDU-ի հետևանք է։ Թմրադեղերի ներերակային ներարկում Աշխարհի տարբեր երկրներում IDU-ն Հեպատիտ C-ի առաջացման տարածված գործոն է։ Այս առումով ուսումնասիրվել է 77 երկիր, որի արդյունքում պարզվել է, որ դրանցից 25-ում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, հեպատիտ C-ի առաջացման դեպքերի 60%-ից 80%-ը թմրադեղերի ներերակային ներարկումով է պայմանավորված։Տասներկու երկրում այդ տոկոսը 80-ից բարձր է եղել։Ներերակային ներարկումով թմրադեղեր ընդունող տասը միլիոն մարդ վարակված է C լյարդաբորբով. ամենամեծ թվով վարակվածները գտնվում են Չինաստանում (1.6 միլիոն), Միացյալ Նահանգներում (1.5 միլիոն) և Ռուսաստանում (1.3 միլիոն)։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգներում ազատազրկման վայրերում գտնվողների մոտ C լյարդաբորբով վարակվածների թիվը տասից քսան անգամ ավելին է, քան ընդհանուր բնակչության շրջանում, որը վերագրվում է բարձր ռիսկի վարքին, ինչպիսիք են նույն ներարկիչներով թմրադեղեր ընդունելը և չախտահանված գործիքներով դաջվածքներ անելը։ Վարակումը բժշկական գործողությունների ժամանակ Առանց HCV-ի առկայությունը ստուգելու արյան կամ նրա բաղադրիչների փոխներարկումը և օրգանների փոխպատվաստումը վարակման զգալի վտանգ են ներկայացնում։1992 թ. Միացյալ Նահանգներում դրանց համընդհանուր ստուգումը պարտադիր դարձավ։ Դրանից հետո վարակումների տոկոսն ընկել է արյան մեկ միավորի հաշվարկով մեկի դիմաց 200-ից մինչև արյան մեկ միավորի հաշվարկով մեկի դիմաց 10 000-ից 10 000 000 դեպքի։Բայց այնուամենայնիվ այս փոքր վտանգը մնում է, քանի որ եթե արյան դոնորը հեպատիտ C-ով վարակված լինի, ստուգումը վարակումից միայն 11-ից 70 օր անց դրական արդյունք ցույց կտա։[20] Ստուգման բարձր արժեքի պատճառով որոշ երկրներում արյան մեջ HCV-ի առկայությունը դեռ չի ստուգվում։ HCV-ով վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1.8% է կազմում։ Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը սնամեջ է, և դրանից ստացած վերքը խորն է։ Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփման մեջ է մտնում մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա։ Հեպատիտ C-ն կարող է տարածվել նաև հիվանդանոցային սարքավորումների, օրինակ՝ մեկից ավելի անգամ օգտագործվող ասեղների և ներարկիչների, դեղերի բազմակի օգտագործման սրվակների, ներարկման տոպրակների և ոչ բավարար ախտահանված վիրաբուժական գործիքների միջոցով։ Բժշկական և ատամնաբուժական հիմնարկություններում գործող վատ սանիտարահիգիենիկ վիճակը HCV-ի տարածման հիմնական պատճառն է Եգիպտոսում՝ աշխարհում վարակման ամենաբարձր տոկոսն ունեցող երկրում։ Սեռական հարաբերություններ Հայտնի չէ, թե արդյոք հեպատիտ C-ն կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների հետևանքով։Չնայած որոշակի կապ է նկատվել բարձր ռիսկ պարունակող սեռական հարաբերությունների և հեպատիտ C-ի միջև, պարզ չէ, թե արդյոք հիվանդության փոխանցումը թմրադեղերի օգտագործման հետևանքո՞վ է եղել, որը գաղտնի է պահվել, թե՞ սեռական հարաբերություններ ունենալու։ Փորձը ցույց է տալիս, որ վարակման վտանգ չկա այն հետերոսեքսուալ զույգերի համար, ովքեր սեռական հարաբերություններ չեն ունենում այլ անձանց հետ։ Այնպիսի սեռական հարաբերությունները, որոնք կարող են վնասել հետանցքի լորձաթաղանթը, կամ երբ առկա է նաև սեռավարակ, ինչպես՝ ՄԻԱՎ կամ սեռական օրգանների խոցոտումներ, իրենց մեջ վտանգ պարունակում են։ Միացյալ Նահանգների կառավարությունը C Լյարդաբորբով վարակումը կանխելու համար միայն մեկից ավելի զուգընկեր ունեցող անձանց է խորհուրդ տալիս պահպահակ օգտագործել։ Դաջվածքներ Դաջվածք կատարելիս հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունը երկուսից երեք անգամ մեծանում է։Պատճառը կարող է լինել ոչ ախտահանված սարքավորումը կամ վարակված ներկերը։Դաջվածքները կամ պիրսինգը, որոնք կատարվում են մինչև 80-ականները կիրառվող եղանակով կամ ոչ-պրոֆեսիոնալ անձանց կողմից, հատկապես վտանգավոր են, քանի որ նման դեպքերում սարքավորումները կարող են վատ ախտահանված լինել։ Բացի այդ, վտանգը մեծ է խոշոր դաջվածքների դեպքում։ Բանտարկյալների մոտ կեսը դաջվածքներ կատարելիս օգտվում է նույն, չախտահանված սարքավորումներից։Թույլատրագրված հաստատություններում HCV-ի վարակում ստանալու հավանականությունը շատ փոքր է։ Անձնական իրերի համատեղ օգտագործում Անձնական հիգիենայի առարկաները, օրինակ՝ ածելիները, ատամի խոզանակները և ոտքի կամ ձեռքի եղունգները մշակելու սարքերը կարող են արյան հետ շփվել։ Նման առարկաների միջոցով կարող է փոխանցվել HCV-ն։ Հարկավոր է զգույշ լինել կտրվածքների, վերքերի և արյունահոսող այլ վնասվածքների հետ։ HCV-ն չի փոխանցվում առօրյա շփման, օրինակ գրկախառնվելու, համբուրվելու կամ նույն սննդի կամ եփելու սպասքն օգտագործելու միջոցով: Վարակի փոխանցումը մորից երեխային Հղիության ժամանակ վարակված մորից հեպատիտ C-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում։ Այդ վտանգը փոփոխող միջոցներ գոյություն չունեն։ Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ։Երկարատև ծննդաբերության ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է։ Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց մանկանը, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են, կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն։ Ախտորոշում Հեպատիտ C-ի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR կամ ՊՇՌ)։ Պոլիմերեզային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից մեկից երկու շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել։ Հեպատիտ C-ի խրոնիկական ձև համարվում է HCV-ի առկայությունը արյան մեջ վեց ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով։Քանի որ խրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանշաններ չի ունենում, սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային ֆերմենտների բարձր ցուցանիշերի դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։ Ստուգումը ցույց չի տալիս տարբերությունը սուր և քրոնիկական վարակման միջև։ Արյան ուսումնասիրություն Հեպատիտ C-ի դեպքում սովորաբար սկսում են արյան հետազոտությունից՝ իմունոֆերմենտային վերլուծության միջոցով HCV-ի հանդեպ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով։Եթե այս հետազոտության արդյունքները դրական են, ապա կատարվում է երկրորդ հետազոտությունը՝ իմունոֆերմենտային վերլուծության արդյունքները հաստատելու և բարդության աստիճանը գնահատելու նպատակով։Ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը ճշգրտում է իմունոֆերմենտային հետազոտությունը, իսկ HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR) որոշակիացնում է բարդության աստիճանը ՌՆԹ-ի բացասական, իսկ իմունոբլոտ հետազոտության դրական արդյունքները նշանակում են, որ հետազոտվողը ունեցել է վարակ, սակայն բուժման կամ ինքնաապաքինման արդյունքում տվյալ պահին այն բացակայում է։ Եթե իմունոբլոտ հետազոտությունը տալիս է բացասական արդյունք, ապա իմունոֆերմենտային հետազոտության արդյունքը եղել է կեղծ Իմունոֆերմենտային հետազոտությունը վարակվելուց միայն վեցից ութ շաբաթ անց է տալիս դրական արդյունք Լյարդային ֆերմենտների պարունակությունը տատանվում է վարակի սկզբնական շրջանում.միջինում նրանց պարունակությունը սկսում է բարձրանալ վարակվելուց հետո յոթ շաբաթների ընթացքում։Լյարդային ֆերմենտների պարունակությունը քիչ չափով է արտահայտում հիվանդության ընթացքի ծանրությունը։ Կենսազննում Լյարդի կենսազննումը (բիոպսիան) կատարվում է լյարդի վնասման աստիճանը որոշելու նպատակով, սակայն այս միջամտությունը վտանգավոր է։ Լյարդի հյուսվածքում՝ լիմֆոցիտների, դրունքային եռյակներում՝ ավշային բշտիկների առկայությունը և փոփոխությունները լեղածորաններում հանդիսանում են կենսազննման ժամանակ հայտնաբերվող բնորոշ փոփոխություններ Կան արյան վերլուծության տարբեր եղանակներ, որոնք որոշակիացնում են լյարդի վնասման աստիճանը և փոքրացնում են կենսազննման անհրաժեշտությունը։ Սկրինինգ Միացյալ Նահանգներում և Կանադայում վարակվածների 5–50% գիտի իր վիճակի մասին։ Բարձր վտանգվածության խմբերի անձանց, որոնց թվում են նաև դաջվածքներ ունեցող մարդիկ, խորհուրդ է տրվում հետազոտվել։ Լյարդային ֆերմենտների բարձր պարունակությամբ անձանց ևս խորհուրդ է տրվում հետազոտվել, քանի որ շատ հաճախ սա խրոնիկական հեպատիտ C-ի միակ նշանն է լինում։[34] Միացյալ Նահանգներում ծրագրավորված համատարած սկրինինգի կատարումը հիմնավորված չի համարվում։ Կանխարգելում 2011 թ.-ի դրությամբ հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս մշակված չէ։ Պատվաստանյութերի մշակումն ընթացքի մեջ է և դրանցից մի քանիսը ցույց են տվել հուսադրող արդյունքներ։ Կանխարգելիչ տարբեր միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպիսիք են օրինակ ասեղների միանգամյա օգտագործմանն ուղղված ծրագրերը և թմրանյութերի չարաշահման բուժումը, ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ իջեցնում են հեպատիտ C-ով վարակվելու վտանգը 75%-ով։Արյան դոնորների սկրինինգը կարևոր է ամբողջ բնակչության մակարդակով՝ որպես բուժհաստատություններում համապիտանի կանխարգելիչ միջոցառումների կատարում։Այն երկրներում, որտեղ մանրէազերծ ներարկիչների քանակը բավարար չէ, առողջապահության մասնագետները պետք է գերադասեն դեղամիջոցները նշանակել բերանային և ոչ թե ներակման եղանակով։ Բուժում Վարակվածների 50–80% մոտ ընթացքը լինում է խրոնիկական։ Այս դեպքերի 40-80% ապաքինվում են բուժման արդյունքում։ Ավելի հազվադեպ ապաքինումը տեղի է ունենում առանց բուժման։հեպատիտ C-ի խրոնիկական ձևի դեպքում հիվանդը պետք է խուսափի ալկոհոլ և լյարդի վրա թունահար ազդեցություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելուց և պետք է պատվաստվի A Լյարդաբորբի և B Լյարդաբորբի դեմ։ Ցիռոզի առկայության դեպքում պետք է կատարվի գերձայնային հետազոտություն՝ լյարդի քաղցկեղի հայտնաբերման նպատակով։ Դեղորայքային բուժում Հաստատված HCV վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բուժհաստատություն՝ բուժում ստանալու նպատակով։Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է պեգիլացված ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղամիջոցի համակցված օգտագործումը՝ 24 կամ 48 շաբաթվա ընթացքում՝ կախված HCV-ի տեսակից։ Բուժում ստացածներից 50-60%-ը ունենում են բարելավված արդյունքներ։Բոցեպրեվիրի կամ տելապրեվիրի զուգակցումը ռիբավիրինի և ալֆա պեգինտերֆերոնի հետ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում ուժգնացնում է հակավիրուսային ազդեցությունը։Բուժման ժամանակ կողմնակի ազդեցությունները բավականին հաճախ են. բուժում ստացածներից կեսի մոտ նկատվում են գրիպանման ախտանիշեր, իսկ շուրջ մեկ երրորդն ունենում են հուզական խնդիրներ։ Առաջին վեց ամիսների ընթացքում բուժումն ավելի արդյունավետ է, քան ավելի հետո իրականացված բուժումը, երբ հեպատիտ C-ն վերածվում է խրոնիկական ձևի։Եթե վարակը թարմ է և այն չի անցնում 8-12 շաբաթների ընթացքում, խորհուրդ է տրվում նշանակել պեգիլացված ինտերֆերոն՝ 24 շաբաթ տևողությամբ։ Թալասեմիայով տառապող անձանց դեպքում ռաբիվիրին կարելի է օգտագործել, սակայն ավելանում է տրանսֆուզիաներ կատարելու կարիքը։ Այլընտրանքային միջոցներ Բուժման այլընտրանքային եղանակների կողմնակիցների կողմից առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք, ըստ իրենց պնդման, արդյունավետ են հեպատիտ C-ի դեպքում, մասնավորապես՝ կաթնափուշ (ռուս.՝ расторопша), ժենշեն և կոլլոիդային արծաթ։Սակայն այս միջոցների օգտագործման դեպքում C Լյարդաբորբի ելքի բարելավվում չի նկատվել, նաև չկան ապացույցներ՝ վիրուսի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ: Ելք Բուժման արդյունքը լինում տարբեր՝ կախված գենոտիպից։ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում 48 շաբաթ տևողությամբ բուժումը տալիս է կայուն արդյունք մոտ 40-50% դեպքերում։2-րդ և 3-րդ գենոտիպի դեպքում 24 շաբաթ տևողությամբ բուժումը կայուն արդյունք է տալիս 70-80% դեպքերում։48 շաբաթյա բուժումը 65% կայուն արդյունք է տալիս 4-րդ գենոտիպով վարակված անձանց մոտ։ 6-րդ գենոտիպի դեպքում բուժման արդյունքի մասին վկայող ապացույցներն աղքատիկ են, իսկ առկա տվյալներով այն մոտ է 1-ին գենոտիպի արդյունքներին։ Տարածվածություն 130-ից 170 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 3%-ը ապրում է խրոնիկական հեպատիտ C-ով։ Ամեն տարի 3–4 միլիոն մարդ է վարակվում HCV-ով և ավելի քան 350,000 մարդ մահանում է հեպատիտ C-ի հետ կապված հիվանդություններից։Դեպքերի հաճախականությունը էականորեն ավելացավ քսաներորդ դարի ընթացքում՝ ներարկման միջոցով թմրանյութերի և դեղամիջոցների, ինչպես նաև ոչ ախտահանված բժշկական սարքավորումների օգտագործման արդյունքում։ Միացյալ Նահանգներում բնակչության շուրջ 2%-ի մոտ առկա է հեպատիտ C՝ տարեկան 35,000-ից 185,000 նոր դեպքերով։ Նոր դեպքերի հաճախականությունը նվազել է 1990-ական թվականներից սկսած՝ փոխներարկումից առաջ արյան ավելի մանրակրկրիտ ստուգման արդյունքում։[14] Միացյալ նահանգներում HCV-ի հետ կապված տարեկան մահացությունը կազմում է 8 - 10 հազար։ Նոր դեպքերի քանակն ավելի բարձր է Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում։ Այդպիսի երկրներից են՝ Եգիպտոսը (22%), Պակիստանը (4.8%) և Չինաստանը (3.2%)։ Եգիպտոսում հիվանդության բարձր տարածվածությունը պայմանավորված է շիստոսոմոզի դեմ կատարվող զանգվածային բուժական միջոցառումներով, որոնց ժամանակ օգտագործվում են ոչ բավարար ախտահանված ապակյա ներարկիչներ։ Պատմություն 1970-ականների կեսերին ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Հարվեյ Ջ. Ալթերը իր հետազոտական խմբով ցույց տվեց, որ արյան փոխներարկումներից հետո զարգացած լյարդաբորբերի զգալի մասը պայմանավորված չէ A Լյարդաբորբի կամ B Լյարդաբորբի վիրուսներով։ Չնայած այս բացահայտմանը՝ միջազգային հետազոտությունները եղան ապարդյուն և հաջորդ տասնամյակի ընթացքում նոր վիրուսի հայտնաբերման բոլոր փորձերը ձախողվեցին։ 1987 թ.-ին Մայքլ Հաութոնը, Քուի-Լիմ Չուն և Ջորջ Կուն՝ Չայրոն կորպորացիայում (անգլ.՝ Chiron Corporation), համագործակցելով Դ. Բրեդլիի հետ, օգտագործեցին մոլեկուլների կլոնավորման նոր մոտեցումը՝ անհայտ մանրէի նույնացման և ախտորոշման եղանակի մշակման համար։1988 թ.-ին Ալթերը հաստատեց վիրուսը՝ ստուգելով նրա առկայությունը «ոչ Ա ոչ Բ լյարդաբորբի» նմուշում։ 1989 թ. ապրիլին HCV-ի հայտնաբերումը հրապարակվեց «Սայնս» (անգլ.՝ Science) ամսագրի երկու հոդվածներում։ Այս հայտնագործությունը կարևոր ճշգրտում մտցրեց ախտորոշման հարցում և բարելավեց հակավիրուսային բուժումը։ 2000 թ.-ին Ալթերը և Հաութոնը պարգևատրվեցին կլինիկական բժշկության ոլորտում հետազոտությունների համար Լասկերի մրցանակով՝ «առաջատար հետազոտությունների համար, որոնց արդյունքը եղավ հեպատիտ C-ի հարուցիչ վիրուսի հայտնագործումը և հետազոտման եղանակների մշակումը, որոնք արյան փոխներարկմամբ պայմանավորված լյարդաբորբերի հավանականությունը 1970 թ.-ի 30%-ից իջեցրեցին մինչև զրո՝ 2000 թ.-ին»։ Չայրոնը ձեռք բերեց մի քանի արտոնագիր՝ վիրուսի ախտորոշման նկատմամբ Հասարակություն և մշակույթ Հեպատիտի համաշխարհային դաշինքը կազմակերպում է հեպատիտի միջազգային օրը, որն իրականացվում է ամեն տարի հուլիսի 28-ին։հեպատիտ C-ի տնտեսական արժեքը զգալի է և անհատի և հասարակության համար։ Միացյալ Նահանգներում հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության միջին արժեքը կազմում է 33,407 ԱՄՆ դոլար՝ 2003 թ. տվյալներով,իսկ լյարդի փոխպատվաստման արժեքը կազմում է շուրջ 200,000 ԱՄՆ դոլար՝ 2011 թ․-ի դրությամբ։Կանադայում հակավիրուսային բուժումը կազմում է շուրջ 30,000 կանադական դոլար՝ 2003 թ.-ի դրությամբ։ Շատ երկրներում մարդիկ չեն կարող ստանալ հակավիրուսային բուժում՝ ապահովագրության բացակայության պատճառով, կամ նրանց ապահովագրությունը չի վճարում հակավիրուսային բուժման համար Հետազոտություններ 2011 թ.-ի դրությամբ շուրջ հարյուր դեղամիջոցներ են գտնվում մշակման փուլում՝ հեպատիտ C-ի դեմ։[Դրանց մեջ մտնում են հեպատիտի դեմ պատվաստանյութեր, իմունոմոդուլյատորներ և ցիկլոֆորինի արգելակիչներ (ինհիբիտորներ)։ Բուժման այսպիսի հնարավոր նոր եղանակները ի հայտ եկան հեպատիտ C-ի վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալուց հետ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003