Ասկարիդոզ, ճիճվային հիվանդություն, որի հարուցիչները կլոր որդերն են՝ ասկարիդները։ Ասկարիդոզն ընթանում է 2 փուլով, վաղ՝ գաղթի (երբ թրթուրը նորից անցնում է աղիքներ) և ուշացած՝ աղիքային։ Ասկարիդներ Ասկարիդները խոշոր բաժանասեռ որդեր են, մակաբուծում են մարդու բարակ աղիքներում։ ԱՍկարիդոզի հարուցչի միակ աղբյուրը հիվանդ մարդն է։ Ասկարիդի էգն օրական կարող է դնել մինչև 200 հազար անհաս ձու։ Բարեկարգ արտաքնոցի բացակայության դեպքում, հիգիենայի կանոնները չպահպանելիս ասկարիդի ձվերը կղանքի հետ ընկնում են տան շրջապատի, բակի, բանջարանոցի, այգու տարածքի հողի, ինչպես նաև բանջարեղենի և հատապտուղների վրա, և հողի մակերևույթին ու վերին շերտերում 10-36 °C ջերմաստիճանի և բավարար խոնավության պայմաններում հասունանում են 2-6 շաբաթում (ամենաբարենպաստը 24 °C է, երբ հասունանում են 14 օրում)։

Ձվեր Ասկարիդի ձվերը շատ դիմացկուն են արտաքին ազդակների նկատմամբ և կենսունակ են մնում անգամ ձյան տակ՝ մինչև -30 °C ջերմաստիճանի պայմաններում։ Բարեխառն գոտում 20 սմ խորության վրա դրանք պահպանվում են 5-7 տարի և ավելի։ Այն ձվերը, որոնց հասունացումն աշնանը չի ավարտվել, ձմեռում են և հասունանում գարնանը։ Վարակում Մարդն ասկարիդի հասուն ձվերով վարակվում է չլվացած բանջարեղենի, հատապտուղների, մրգերի, հաճախ կեղտոտ ձեռքերի, հազվադեպ՝ չվարակազերծված ջրի միջոցով։ Բարեխառն գոտում ասկարիդով կարող են վարակվել ապրիլից հոկտեմբեր, իսկ ձմռանը հնարավոր է ջերմոցային բանջարեղենի միջոցով կամ ներբանների միջոցով բնակարան թափանցած ասկարիդի ձվերով։ Ասկարիդոզը շատ տարածված է այն շրջաններում, որտեղ բանջարանոցների հողը պարարտացնում են մարդու չվարակազերծված արտաթորանքով։ Զարգացման ցիկլ Ասկարիդի հասուն ձվերը, ընկնելով մարդու աղիքներ, առաջացնում են թրթուրներ, որոնք «ծակում» են աղիքների պատերի լորձաթաղանթը և երակային արյան հոսքով ընկնում թոքային բշտիկների պատերի մազանոթները, այնուհետև մանր բրոնխներ, թարթիչավոր էպիթելի թարթիչների շարժումով անցնում են բերանի խոռոչ, թքի հետ կուլ գնում և նորից հայտնվում աղիքներում, որտեղ դրանցից առաջանում են հասուն ասկարիդներ։ Ասկարիդների զարգացման ամբողջ փուլը (մարդու վարակման պահից մինչև նրա կղանքում մակաբույծի ձվերի ի հայտ գալը) տևում է 2, 5-3 ամիս։ Ախտանիշներ Վաղ փուլը հաճախ ընթանում է առանց ախտանշանների։ Երբեմն նկատվում են տկարություն, հազ, ջերմաստիճանի բարձրացում, հնարավոր է եղնջացան։ Ուշացած փուլում հիվանդները գանգատվում են սրտխառնոցից, տկարությունից, որովայնի կծկումային ցավերից։ Սրտագդալի տակ լինում է տհաճ զգացողություն, նկատվում են թքահոսություն, ախորժակի անկում, գլխացավ, գլխապտույտ, թուլություն, հազվադեպ՝ գիշերավախություն։ Բազմակի վարակվելու դեպքում երեխաները քնի մեջ ատամները կրճտացնում են, նրանք դառնում են նյարդային, ցրված։ Կարող են առաջանալ նաև բրոնխաբորբ, շնչարգելություն, սակավարյունություն։ Բարդություններ Հնարավոր են նաև լուրջ բարդություններ՝ ասկարիդները, ընկնելով լեղապարկ, լեղուղիներ, կարող են առաջացնել լեղապարկի թարախային բորբոքում, լյարդի թարախակույտ, որովայնամզի բորբոքում, արյան վարակում, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում, որդանման ելունի բորբոքում, աղիքների անանցանելիություն։ Ասկարիդոզը ծանրացնում է դիզենտերիայի, որովայնային տիֆի, կարմրուկի, քութեշի և վարակիչ այլ հիվանդությունների ընթացքը։ Բուժում Հիվանդությունն ի հայտ գալիս անպայման պետք է դիմել բժշկի։ Գծվարասերմը և լուծողական դեղանյութերը չեն նպաստում մակաբույծների հեռացմանը, և հնարավոր է հիվանդի վիճակն ավելի ծանրանա։ Կանխարգելում Ասկարիդոզի դեմ պայքարի միջոցներն են՝ բնակչության շրջանում զանգվածային հետազոտությունները՝ հիվանդների վաղ հայտնաբերման և բուժման նպատակով, բնակավայրերի բարեկարգումը, ջրի աղբյուրների, հողի սանպահպանությունը, սանլոասկարիդ աշխատանքը։ Ասկարիդոզի կանխարգելման նպատակով պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ջրհորներում և արտաքնոցներում, չկոյուղացված տնամերձ հողամասերում պահպանել պատշաճ սանվիճակ։ Հողը կարելի է պարարտացնել աղբահորի պարունակությամբ, միայն դրա կոմպոստացումից (5-12 ամսվա ընթացքում) կամ փակ աղբահորում 2 տարի թողնելուց հետո։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003