Գերճնշում կամ արյան բարձր ճնշում, հաճախ կոչվում է նաև զարկերակային գերճնշում, խրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։ Տարբերում են առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90–95%–ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց պատճառ հանդիսացող ակնհայտ առողջական խնդրի[3]։ Մնացած դեպքերի 5–10%–ը (երկրորդային գերճնշում) հանդիսանում են երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք։ Գերճնշումը ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անևրիզմաների (օրինակ՝ աորտայի անևրիզմայի), ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոնը և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառ է։ Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կապվում է կյանքի սպասվող տևողության (անգլ.՝ life expectancy) կրճատման հետ։ Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել նրա հետ կապված բարդությունների վտանգը, սակայն կենսակերպի փոփոխության ոչ արդյունավետ լինելու դեպքում հաճախ դեղորայքային բուժման կարիք է լինում։

Գերճնշումը հազվադեպ է ուղեկցվում որևէ ախտանիշով և սովորաբար այն հայտնաբերվում է ծրագրված բժշկական հետազոտությունների (սկրինինգ) միջոցով կամ առողջական այլ խնդրի պատճառով բուժօգնության դիմելու արդյունքում։ Արյան բարձր ճնշում ունեցողների մի մասը նշում են գլխացավ (հատկապես ծոծրակային շրջանում և առավոտյան ժամերին), ինչպես նաև գլխապտույտ, ականջներում խշշոցի զգացողություն, տեսողական խանգարումներ կամ ուշագնացություն[4]։ Սակայն այս ախտանիշերն ավելի շատ կապված են ուղեկցող տագնապային վիճակի հետ, քան թե արյան բարձր ճնշման։ Բժշկական զննման ժամանակ գերճնշման առկայության մասին կարելի է մտածել ցանցենու գերճնշումային ախտահարման (հիպերտենզիվ ռետինոպաթիա) առկայության դեպքում, որը հայտնաբերվում է ակնադիտակի (օֆթալմոսկոպ) օգնությամբ ակնահատակի զննման միջոցով։ Ընդունված մոտեցման համաձայն ցանցենու գերճնշումային ախտահարման հետևանքով առաջացած փոփոխությունների չորս աստիճան են տարբերում՝ I–IV, սակայն աստիճանները միմյանցից տարբերակելը երբեմն կարող է դժվար լինել[6]։ Ակնադիտման (օֆթալմոսկոպիա) արդյունքում ստացված տվյալները կարող են նաև ցույց տալ, թե հիվանդի մոտ որքան ժամանակ է առկա արյան բարձր ճնշումը: Որոշ լրացուցիչ նշաններ կարող են վկայել երկրորդային գերճնշման առկայության մասին, այսինք ճնշման բարձրացում, որի պատճառը հանդիսանում է որևէ հիվանդություն, ինչպիսին կարող են լինել երիկամների հիվանդությունները կամ ներզատական համակարգի հիվանդությունները։ Օրինակ՝ կենտրոնական կամ որովայնային ճարպակալումը, գլյուկոզայի հանդեպ ընկալունակության խանգարումը, լուսնանման դեմքը, «ցլի կուզը» (ճարպի կուտակումը պարանոցի հետին մակերեսին) և բոսորագույն զոլերը վկայում են Կուշինգի համախտանիշի մասին։ Վահանագեղձի հիվանդությունները և ակրոմեգալիան նույնպես կարող են առաջացնել ճնշման բարձրացում և ունեն բնորոշ ախտանիշեր և նշաններ։ Աուսկուլտացիայի ժամանակ որովայնային աղմուկը կարող է հուշել երիկամային զարկերակի նեղացման առկայության մասին, իսկ ստորին վերջույթներում արյան ճնշման իջեցումը և/կամ ազդրային զարկերակի վրա անոթազարկի բացակայությունը կամ ուշացումը կարող են լինել աորտայի կոարկտացիայի (աորտայի սկզբնամասի նեղացում) ժամանակ։ Անկայուն կամ նոպայանման գերճնշումը՝ զուգակցված գլխացավի, սրտխփոցի, գունատության և քրտինքի հետ պետք է առաջացնի ֆեոխրոմոցիտոմայի կասկած։ Աճի դանդաղեցումը, ցնցումները, դյուրագրգռությունը, աշխուժության բացակայությունը և շնչառության դժվարեցումը նորածինների և կրծքի տարիքի երեխաների մոտ կարող է կապված լինել ճնշման բարձրացման հետ։ Մանկահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների մոտ գերճնշումը կարող է լինել գլխացավի, անբացատրելի դյուրագրգռության, հոգնածության, աճի դանդաղեցման, տեսողության սրության իջեցման, քթային արյունահոսության և Բելի կաթվածի (դիմային նյարդի կաթվածի տարատեսակ) պատճառ:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003