Գլխավոր Հիվանդություններ Անկիլոստոմիդոզներ

Անկիլոստոմիդոզներ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություններ, որոնց հարուցիչները կլոր որդերի դասի անկիլոստոմիդներն են։ Մարդու աղիքներում ապրում է այդ մակաբույծների 2 տեսակ՝ անկիլոստոմա և նեկատոր։ Անկիլոստոմիդոզները տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներում։ Բարեխառն կլիմայի գոտում հանդիպում են ստորգետնյա բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում աշխատողների (հանքափորներ, հորատողներ և այլն) մոտ։ Վարակի տարածման հիմնական աղբյուրը մակաբույծների ձվերով աղտոտված հողն է։

Անկիլոստոմիդոզներով հաճախ վարակվում է գյուղական բնակչությունը՝ չվարակազերծված արտաթորանքներով պարարտացրած դաշտերում, բանջարանոցներում, այգիներում աշխատելիս (հատկապես՝ ոտաբոբիկ)։ Հասուն անկիլոստոմիդները մակաբուծում են բարակ (հիմնականում՝ 12-մատնյա) և հաստ աղիքներում։ Հիվանդի կղանքի հետ ձվերն ընկնում են շրջակա միջավայր, որտեղ բարենպաստ պայմանների դեպքում 24 ժամ հետո ձևավորվում են թրթուրներ։ Ապրելով հողում դրանք մարդու օրգանիզմ են թափանցում սովորաբար մաշկի, երբեմն՝ վարակված բանջարեղենի, մրգի կամ ջրի միջոցով, և 8-10 շաբաթից թրթուրները վերածվում են հասուն մակաբույծների։ Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 2-3 ամիս անց։ Առաջանում են ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, սակավարյունություն, երբեմն՝ ծանր ընթացքով, լինում են կտրուկ թուլություն, գլխապտույտ, գլխացավ, անաշխատունակություն, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունների նվազում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003