Գլխավոր Հիվանդություններ Անոթալայնանք

Անոթալայնանք, անևրիզմ, արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացումը՝ պատի ձգման և այտուցման հետևանքով։ Անևրիզմ կարող է լինել սրտամկանի ինֆարկտի, աթերոսկլերոզի, սիֆիլիսի և այլ հիվանդությունների բարդություն կամ վիրավորումների արդյունք՝ վնասվածքային անևրիզմ։ Անևրիզմի (առավելապես գլխուղեղի անոթների) ձևավորմանը նպաստում են նաև անոթային պատի բնածին արատները։

Ըստ անևրիզմի տեղադրման՝ տարբերում են զարկերակային, երակային և զարկերակաերակային (վերջին դեպքում զարկերակն ու երակը հաղորդակցվում են նեղ խողովակով), ըստ ձևի՝ ավելի հաճախ հանդիպում են իլիկաձև և պարկաձև անևրիզմներ։ Աորտայի անևրիզմով ավելի հաճախ տառապում են աթերոսկլերոզով հիվանդ տղամարդիկ, իսկ սրտի անևրիզմ հիմնականում սրտամկանի ինֆարկտի բարդություն է և սովորաբար լինում է ձախ փորոքի պատում։ Անևրիզմի դրսևորումները պայմանավորված են դրա տեղադրությամբ, չափերով և այլ գործոններով։ Հաճախ հիվանդությունը երկար ժամանակ ընթանում է հիվանդի համար աննկատ (անախտանշան)։ Անևրիզմ կարող է պատճառ լինել հյուսվածքների արյունամատակարարման խանգարման, որոնք սնուցվում են ախտահարված անոթով։ Մեծ չափերի դեպքում անևրիզմ ճնշում է մոտակա օրգանները և հյուսվածքները։ Հաճախ խանգարվում է սրտի գործունեությունը և որքան անևրիզմ մոտ է գտնվում սրտին, այնքան խանգարումն ավելի վաղ է առաջանում։ Երբեմն անևրիզմ կարող է պատռվել և պատճառ դառնալ ուժեղ արյունահոսության։ Անևրիզմով հիվանդները պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։ Հատուկ ցուցումներով կատարվում է վիրահատական միջամտություն։ Արդի վիրաբուժության նվաճումները հնարավորություն են տալիս հաջողությամբ վիրահատել։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003