Գլխավոր Հիվանդություններ Ենթաոստայնային արյունազեղում

Ենթաոստայնային արյունազեղում (ԵՈԱ, նաև՝ սուբարախնոիդալ արյունազեղում), արյան կուտակումը ոստայնենու և նրբենու միջև առկա տարածության՝ ենթաոստայնային տարածության մեջ։ Այն կարող է առաջանալ ինքնաբուխ կերպով՝ սովորաբար ուղեղային անոթալայնանքի պատռվածքի հետևանքով կամ կարող է լինել գլխի վնասվածքի հետևանք։

ԵՈԱ-ի դեպքում դիտվող ախտանիշերից են՝ հանկարծակի սկսված ուժեղ գլխացավը (որը հիշեցնում է հարված գլխի շրջանում), փսխումը, գիտակցության մթագնումը, երբեմն նաև դիտվում են ցնցումներ։ Ընդհանուր դեպքերում ախտորոշումը հաստատվում է գլխի ՀՇ հետազոտության, երբեմն նաև գոտկային պունկցիայի միջոցով։ Բուժումը կատարվում է շտապ նյարդավիրահատական միջամտության կամ ճառագայթային հսկողությամբ կատարվող միջամտությունների միջոցով՝ զուգակցված դեղորայքային կամ այլ միջոցների հետ, որոնք օգնում են կանխել կրկնությունը և բարդությունների զարգացումը։ Անոթալայնանքների դեպքում վիրահատական բուժումն առաջարկվել է 1930-ական թվականներին։ 1990-ական թվականներից սկսած անոթալայնանքները բուժվում են ավելի քիչ ինվազիվ միջամտությամբ, որը կատարվում է մեծ անոթների միջով գործիքների ներմուծման միջոցով։ ԵՈԱ-ն կաթվածի ձևերից մեկն է և կազմում է կաթվածի դեպքերի 1-7 տոկոսը։ Այն անհետաձգելի վիճակ է և կարող է հանգեցնել մահվան կամ ծանր հետևանքների, նույնիսկ եթե հայտնաբերվել և բուժվել է վաղ շրջանում։ ԵՈԱ-ի դեպքերի գրեթե կեսը ավարտվում է մահացու ելքով, իսկ 10-15% դեպքերում մահը վրա է հասնում մինչև հիվանդանոց հասցնելը։ Կենդանի մնացածների մոտ հաճախ դիտվում են նյարդաբանական և ճանաչողական խանգարումներ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003