Իմունիտետ, օրգանիզմի անընկալությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Դրա շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և այլ ախտածիններին ու վնասազերծում դրանց։ Տարբերվում են բնական և արհեստական իմունիտետ։ Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի։ Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ։ Այն տեսակային է՝ բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր անհատներին։ Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, և որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ։ Այս դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ։

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ։ Այն կարող է լինել ակտիվ և պասիվ։ Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտցվում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները՝ պատվաստուկների ձևով։ Այդպիսի պատվաստումը, որը կոչվում է վակցինացիա, հիվանդություն չի առաջացնում, բայց պահպանում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը։ Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ։ Իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար։ Անընկալություն, վարակամերժություն Իմունիտետը վարակիչ հակածիններից և օտարածին նյութերից օրգանիզմի պաշտպանունակությունն է։ Ախտածին գործոններից են բակտերիաներն ու դրանց տոքսինները, վիրուսները, նախակենդանիները, մակաբույծ որդերը, փոխպատվաստած օրգաններն ու հյուսվածքները, փոփոխված սեփական բջիջները (օրինակ՝ քաղցկեղային) և այլն։ Դրանց ազդեցությամբ օրգանիզմում առաջանում են հակամարմիններ կամ հակազդեցության որևէ այլ ձև։ Հակամարմինները փոխազդեցության մեջ են մտնում հակածնի հետ և վնասազերծում այն։ Հակածնի ներգործության արդյունքում օրգանիզմում տեղի ունեցող իմունային վերակառուցումը կոչվում է ձեռքբերովի իմունիտետ, որը լինում է ակտիվ և պասսիվ։ Ակտիվ ձեռքբերովի իմունիտետը կարող է առաջանալ վարակիչ հիվանդության կամ օրգանիզմ վակցինա ներարկելու դեպքում։ Դա տեղի է ունենում հակածին ներարկելուց 1–2 շաբաթ անց և պահպանվում է երկար տարիներ (կարմրուկի դեպքում՝ ամբողջ կյանքի ընթացքում)։ Պասսիվ ձեռքբերովի իմունիտետն առաջանում է մորից պտղին հակամարմինների փոխանցման (ընկերքի միջոցով) դեպքում և մի քանի ամիսների ընթացքում ապահովում է նորածինների իմունիտետը որոշ վարակիչ հիվանդությունների հանդեպ։ Նման իմունիտետ կարելի է ստեղծել՝ արհեստականորեն օրգանիզմ ներարկելով տարբեր տոքսինների դեմ հակամարմիններ պարունակող իմունային շիճուկներ։ Բացի ձեռքբերովի իմունիտետից, օրգանիզմի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեն նաև ոչ առանձնահատուկ գործոնները, ինչպես, օրինակ, մաշկի և լորձաթաղանթների անթափանցելիությունը շատ միկրոօրգանիզմների համար, մաշկային արտազատուկներում և ստամոքսանյութում որոշ նյութերի առկայությունը, որոնք անբարենպաստ են ազդում միկրոօրգանիզմների վրա, արյան մեջ և օրգանիզմի հեղուկներում (թուք, արցունք) միկրոօրգանիզմները քայքայող ֆերմենտային համակարգերի ներկայությունը։ Հաստատվել է նաև, որ միկրոօրգանիզմների քայքայման արգասիքները, վիրուսները, տոքսիններն օրգանիզմից հեռանում են քրտինքի, մեզի, խորխի և այլ արտազատուկների միջոցով։ Վիրուսային վարակների ժամանակ ոչ առանձնահատուկ գործոններից կարևոր նշանակություն ունեն ինտերֆերոնը՝ վարակված բջիջների կողմից արտադրվող հակավիրուսային սպիտակուցը, և վիրուսների արգելակիչները (ինհիբիտորներ), որոնք առկա են արյան, թքի, վերին շնչուղների արտազատուկների մեջ և քիմիական բաղադրությամբ նման են բջիջների թաղանթին։ Պաշտպանության ոչ առանձնահատուկ դրսեվորումներից է նաև հիվանդի ջերմաստիճանի բարձրացումը, որը նպաստում է առողջացմանը (օրինակ՝ վիրուսային հիվանդությունների դեպքերում)։ Ոչ առանձնահատուկ իմունիտետը կարող է նվազել այրվածքների, գերսառեցման, արյան կորստի, քաղցածության, վնասվածքների ժամանակ, և այդ դեպքում օրգանիզմն ավելի զգայուն է դառնում վարակիչ հիվանդությունների և թարախաբորբոքային տարբեր երևույթների հանդեպ։ Կան պատրաստուկներ, որոնք բարձրացնում են ոչ առանձնահատուկ իմունիտետի մակարդակը, հետևաբար՝ շրջակա միջավայրի ազդեցությունների հանդեպ օրգանիզմի կայունությունը։ Օրգանիզմի իմունային պատասխանն իրականացվում է ավշային համակարգով, որի կազմության մեջ են մտնում ոսկրածուծը, ուրցագեղձը, փայծաղը, ավշահանգույցները և այլն, որոնք արյունատար և ավշային անոթների ցանցի միջոցով միավորված են միասնական համակարգում։ Ուրցագեղձը մասնակցում է 2 ձևի իմունային պատասխանների, որոնք իրականացվում են T– և B – լիմֆոցիտներով։ B-լիմֆոցիտները մշակում են առանձնահատուկ սպիտակուցներ՝ իմունոգլոբուլիններ, որոնք վնասազերծում են վարակիչ հիվանդությունների հարուցիչներին և դրանց տոքսիններին։ T-լիմֆոցիտները երբեմն կարող են կասեցնել հակամարմինների առաջացումը կամ ապահովել դիմացկունության՝ տոլերանտության (հակածնին «անպատասխանելիության») վիճակ։ T-լիմֆոցիտը, ճանաչելով օտարածին բջջին, նրան ոչնչացնում է առաջին իսկ հանդիպման ժամանակ և կոչվում է «քիլեր» (սպանող) բջիջ։ Բնական «քիլեր» բջիջները և ավշանման բջիջները իմունաբանական հսկողության բազմաբաղադրիչ համակարգի կարևոր օղակն են։ Ցանկացած օտարածին կամ սեփական փոփոխված բջիջ անմիջապես ենթարկվում է գրոհի բնական «քիլեր»-բջիջների կողմից։ Իմունային համակարգի գործունեության նուրբ մեխանիզմների պարզաբանման հարցերով զբաղվում է իմունոգենետիկան, որը իմունաբանության բաժիններից է և ձևավորվել է 1960–1970-ական թվականներին։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003