Մալարիա (իտալ.՝ mala aria - «վատ օդ», նախկինում նաև հայտնի էր «ճահճային տենդախտ» անվամբ), վարակիչ հիվանդություն, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում։ Տարածվում է Anopheles ցեղի մոծակների կողմից։ Հիվանդությունը արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (մեծանում է փայծաղի չափերը), հեպատոմեգալիայով և անեմիայով (սակավարյունություն)։ Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են քինա ծառի կեղևից։

Նկարագրություն Մալարիան վարակիչ պրոտոզոային հիվանդություն. բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով (տես Տենդ), հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտանար մամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են մորֆոլոգիապես և առաջացրած հիվանդության բնույթով։ Մալարիայի մակաբույծներն անցնում են զարգացման երկու փուլ՝ անսեռ (շիզոգոնիա) և սեռական (սպորոգոնիա)։ Շիգոգոնիայի դեպքում վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավիշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, ուր կատարվում է հյուսվածքային (արտաէրիթրոցիտային) շիզոգոնիա։ Առաջացած հյուսվածքային մերոզոիտների մի մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ և էրիթրոցիտային շիզոգոնիայի Փուլում վերածվում շիզոնաների, որոնց հետագա զարգացումից և բաժանումից առաջանում են էրիթրոցիտային մերոզոիտներ։ Այնուհետև էրիթրոցիտները քայքայվում են, և ազատված մերոզոիտները ախտահարում նոր էրիթրոցիտներ։ Մերոզոիտների մի մասը վերածվում է գամևաոցիտների (սեռական ձևեր), որոնց հետագա զարգացումը հնարավոր է միայն փոխանցողի՝ մոծակի օրգանիզմում։ P1. vivax-ի և P1. malariae-ի շիզոգոնիայի բոլոր փուլերը հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ, P1. falciparum-ինը՝ խորանիստ օրգանների մազանոթներում։ Հիվանդության շատ ծանր ընթացքի դեպքում, բացի երիտասարդ շիզոնտներից, արյան մեջ հայտնաբերվում են նաև կիսահասուն, հասուն և այլ ձևեր։ Սպորոգոնիան կատարվում է անոֆելես սեռի մոծակների մոտ, արյուն ծծելիս վերջիններիս օրգանիզմ են ներթափանցում մակրո և միկրոգամետոցիտները։ Սպորոգոնիայի տևողությունը կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից (բարձր ջերմաստիճանում ավելի արագ է կատարվում, ամենանպաստավոր ջերմաստիճանը 28-30 °C է)։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003